Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո շատերն են իրենց նորածին զավակներին անվանակոչում Նիկոլ՝ ի պատիվ հեղափոխության առաջնորդի:
Բայց Հայաստանում ավելի հետաքրքիր մի բան է եղել. քաղաքացիներից մեկն իր դստեր անունն է դրել Նիկոլ, սկզբում ավելացնելով՝ Ռուզաննա:
Նորածին բալիկը կոչվել է Ռուզաննա Նիկոլ Բաբայան, հայրանունը՝ Էդգար:
Թեմայի առնչությամբ Araratnews.am-ը կապ հաստատեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի հետ, հասկանալու, թե վերջին շրջանում քանի՞ մարդ է իր որդուն կամ դստերն անվանել Նիկոլ:
Կարինե Կույումջյանը նշեց, որ այս պահին դեռ վիճակագրական տվյալներ չկան, առաջիկա ամիսներին նոր հասկանալի կլինի:
Մի բան ակնհայտ է` առաջիկա տարիներին Նիկոլ անունը մոդայիկ կլինի:
Ի պատիվ իրենց սիրելի հերոսների երեխաներին անվանակոչելը բնորոշ է բոլոր ազգերին:
Հիշեցնենք, որ Նիկոլ անունը հայ ժողովրդի մոտ սկսեց տարածվել այսպես կոչված «Նիկոլի թվից» հետո: Ժողովրդական լայն տարածում գտած «Նիկոլի թիվը» 1837 թվականն էր, երբ Նիկոլայ 1-ինը այցելեց ռուսական իշխանության տակ գտնվող Հայաստան: Ի պատիվ ցարի` Հայաստանում Նիկոլայը վերափոխվեց Նիկոլի:
Անունների հետ կապված հետաքրքիր մի վիճակագրություն էլ կա: Հնդկական սերիալների՝ Հայաստանում տարածվելուն զուգահեռ, շատերը ի պատիվ հերոսուհիներից մեկի իրենց նորածին դուստրերին անվանակոչում են Իչակի: