Թանգարանների գիշերը՝ մայիսի 19-ին. ՀՀ-ից ու ԼՂՀ-ից 116 թանգարան կմասնակցի. yerevan2800.am
Advertisement 1000 x 90

Թանգարանների գիշերը՝ մայիսի 19-ին. ՀՀ-ից ու ԼՂՀ-ից 116 թանգարան կմասնակցի. yerevan2800.am

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, որը 2018-ին կանցնի «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ» խորագրի ներքո: Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ «Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 19-ին. այս անգամ դրան 116 թանգարան է միացել:

Մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ը, ամսի 19-ին էլ՝ ժամը 18:00-ից 24:00-ը, Հայաստանի և Արցախի թանգարանների դռները բաց կլինեն հասարակության համար, մուտքը կլինի անվճար:

Համաեվրոպական այս միջոցառումներին միացել է նաև ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը: Այն այցելուների համար բաց կլինի ուրբաթ՝ մայիսի 18-ին, ժամը 09:00 – 18:00, և շաբաթ՝ մայիսի 19-ին, ժամը 10:00 – 22:00:

Նշված միջոցառումների շրջանակում ԿԲ կենտրոնում այցելուներին կներկայացվի Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին: Այցելուները կկարողանան ծանոթանալ նաև Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

Երևանի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի, «Կարեն Դեմիրճյան» և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները մայիսի 18-ին և 19-ին Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում նույնպես հանդես կգան մի շարք միջոցառումներով:

Մասնավորապես, Երևանի պատմության թանգարանի դռները մայիսի 18-ին բաց կլինեն ժամը 10:00-18:00-ն, իսկ մայիսի 19-ին թանգարանն աշխատելու է ժամը 10:00-24:00-ը: Նույն օրը՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա «Երևան 2800. Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դռները մայիսի 18-ին բաց կլինեն ժամը 10:30-18:00-ն: Կբացվի «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով ցուցահանդեսը, իսկ ժամը 13:00-ին կբացվի «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն

զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդեսը: Մեկ ժամ անց՝ 14:00-ին, նախատեսվում է «Էրեբունի միջնաբերդ՝ վերականգնված» խորագրով 3D ներկայացում, իսկ ժամը 15:00-ին՝ «ՀՈւՇԱՊԱՏՈւՄ. դրվագներ Էրեբունի-Երևան տոնակատարություններից» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Մայիսի 19-ին թանգարանը կաշխատի մինչև ժամը 24:00-ը: Այդ օրը ժամը 18:00-24:00-ը, հնարավոր կլինի դիտել մշտական և ժամանակավոր ցուցադրությունները, իսկ ժամը 18:00-ին կլինի շրջայց թանգարանում «Պատանի հնագետների» ներկայացմամբ և «Էրեբունի միջնաբերդը՝ վերականգնված» խորագրով 3D ներկայացում:

Ժամը 19:00-ին կլինի Պոեզիայի ժամ՝ ՀՀ գրողների միության անդամների ներկայացմամբ, ժամը 20:00-ին՝ Ուրարտական խոհանոցի համտես Ս. Մամուլյանի ճաշացանկից: Ազգագրական երգերի ու պարերի ներկայացում է նախատեսվում ժամը 21:00-ին, իսկ ժամը 22:00-ին՝ «Ֆրանսիայի մշակութային ժառանգությունը» ֆիլմի դիտում: Ժամը 22:00-24:00-ը նախատեսվում է գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում:

Ժամանակակից արվեստի թանգարանը մայիսի 18-ին կաշխատի ժամը 11:00-18:00-ն, մայիսի 19-ին՝ ժամը 18:00-24:00-ն: Այցելուներին կներկայացվի Այվազ Ավոյանի անհատական ցուցահանդեսն ու հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի հետ համատեղ իլյուստրացիա՝ «4 աթոռ» խորագրով:

«Կարեն Դեմիրճյան» թանգարանը մայիսի 18-ին կաշխատի ժամը 10:00-18:00-ն, մայիսի 19-ին՝ ժամը 18:00-24:00-ն: Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան դիտելու «Մուրճի և զնդանի արանքում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյա տարելիցին:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, կկայանա Սամուէլ Պօղոսեանի «Պօղոս Նուբար Փաշա. Ազգային գործիչը» գրքի քննարկումը: Մայիսի 19-ին՝ ժամը 18:00-ին, նախատեսվում է «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը» փաստավավերագրական ֆիլմի դիտում:

yerevan2800.am