ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հրապարակումը.
«Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ: Նկատած կլինեք, որ այսօր առավոտից բազմաթիվ կայքեր ինձ «սևացնող» հրապարակումներ են գրում. դրանցում հիմնականում գերակշռում է տեղեկությունն առ այն, թե իբրև ինչպիսի վատ նախարար ու մենեջեր եմ ես, խոսվում է նաև բազմաթիվ ընթացիկ ծրագրեր կասեցնելու, ինչպես նաև նախարարությունում իմ անգործության մասին, անդրադարձ է կատարվում նաև նախկինում մի տուրիստական կազմակերպությունում իմ կատարած աշխատանքին` այն պնդմամբ, թե ես այնքան վատ եմ աշխատել, որ ինձ այնտեղից հեռացրել են և այլն, և այլն:
Բացի այդ, բացվել են նաև իմ անունով և լուսանկարով ֆեյքեր, որոնք ֆեյսբուքյան օգտատերերին տարատեսակ սադրիչ բնույթի հաղորդագրություններ են ուղարկում: Ուզում եմ տեղեկացնել, որ սա իմ միակ օգտաէջն է, ուստի մյուս բոլոր դեպքերում ձեզ գրում են ցածր աշխատավարձ ստացող ֆեյքերը: Եթե ժամանակ գտնեք, խնդրում եմ, report արեք:
Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածներին, կետերով անցնենք: Պաշտոնապես հայտարարում եմ` ցայսօր ոչ մի ծրագիր չեմ կասեցրել, թեև ունեմ դրա լիուլի իրավունքը: 1-2 ծրագրի մասով խնդիր եմ ունեցել կատարվելիք ծախսերի հետ, ուստի պահանջել եմ վերանայել ծախսերը. պահանջս կատարվել է, ներկայացվել են ավելի բարեխիղճ գներ, որից հետո հաստատել եմ ծրագրերը: Իմ անգործության վերաբերյալ մեկնաբանություն չեմ անի, պարզապես աչքի անցկացրեք իմ ամենօրյա հաշվետվությունները: Այսօր, ի դեպ, ավելի ուշ ևս կհրապարակեմ հագեցած օրվա հաշվետվությունը: Տուրիստական կազմակերպությունում ինձ իբրև հեռացնելու մասին, թերևս նշեմ, որ տվյալ կազմակերպության տնօրենը հոդվածի հրապարակումից անմիջապես հետո կապվել է իմ խորհրդականի հետ ու իր վրդովմունքը հայտնել այդ ապատեղեկատվության կապակցությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հերքել է կայքերում տեղ գտած սույն լուրերը: Եվ այսպես շարունակ:
Հետևաբար, աներկբա է, որ սա նախապես հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ` քաղաքական պատվեր: Պարզապես այս ամենի հետևում կանգնած մարդկանց բարեկամաբար երկու բան կասեմ: Նախ, չեմ պատրաստվում հետագայում այսպես ծավալուն պատասխանել ամեն մի էպատաժի, երկրորդ, ուզում եմ կոչ անել անտեղի չվատնել ձեր ժամանակը. աշխարհի ամենաուժեղ հարվածներն էլ ես պատրաստ եմ ընդունել ու մնալ ոտքերիս վրա ամուր կանգնած»: