
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:
Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:
Միաժամանակ պարզաբանենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը:
Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները. դա օրենքի պահանջն է և բոլորիս անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»: