Լև Լանդաու. հանճարեղ ֆիզիկոս, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, տեսական ֆիզիկայի գիտական դպրոցի հիմնադիր: Իր հանճարեղագույն նվաճումը համարում էր «երջանկության բանաձևի» դուրսբերումը: Թվում է, թե հանճարեղ ֆիզիկոսի համար տարօրինակ թեմա է, սակայն Լանդաուն այդպես չէր համարում և դրան շատ լրջորեն էր վերաբերվում:
Լանդաուի «երջանկության բանաձևը» բաղկացած է 3 պարտադիր տարրերից: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու երջանկության համար հարկավոր են հավասար չափաբաժիններով հետևյալ բաղադրամասերը՝ աշխատանք, սեր, մարդկանց հետ շփում:
Աշխատանքը նա դրել էր առաջին տեղում: Նա համարում էր, որ աշխատանքը մարդու կյանքում գլխավոր բանն է, և դա այնքան ակնհայտ է, որ ապացուցման կարիք չունի: Լանդաուն գրում էր, որ հենց մարդը դադարի աշխատել, ձեր մարմնին պոչ կաճի ու դուք կսկսեք ծառ բարձրանալ:
Սիրո վերաբերյալ Լանդաուն շատ լուրջ վերաբերմունք ուներ: Նա իրականում վստահ էր, որ ամենաերջանիկ մարդիկ իրենց ժամանակի 30%-ը նվիրում են սիրուն: Օրինակ, յուրաքանչյուրը պետք է ձգտի երջանիկ դարձնել իր մտերիմներին:
Իր կնոջը Լանդաուն ասում էր. ‹‹Իմ առաջնային պարտականությունը քեզ երջանիկ դարձնելն էր: Ամուսինը չի կարող երջանիկ լինել, եթե իր կինը դժբախտ է››: Մարդկանց հետ շփմանը Լանդաուի մոտ ավելի շատ ժամանակ էր հատկացված, քան նախատեսված էր նրա բանաձևով: Այդ կետը կատարված և գերակատարված էր:
Լանդաուն շատ ընկերներ և ծանոթներ ուներ, նրա տան դռները երբեք, անգամ երեկոները չէին փակվում. մեկը գնում էր, մյուսը՝ գալիս, հնչում էին կատակներ, ծիծախ, ուրախ էր ու աղմկոտ: Նրա կյանքը շատ բուռն էր ընթանում, ոչ մի ակադեմիական մեկուսացում աշխարհից նրա պարագայում չէր նկատվում: Նա փակ կյանք չէր վարում՝ չհաշված օրվա առաջին կեսը, երբ նա աշխատում էր: Եվ այսպես՝
Ավելի լավ է երջանիկ ձևանալ, քան անկեղծորեն ինքդ քեզ դժբախտ համարել:
Մարդը պարտավոր է երջանկության ձգտել և ոչ մի պայմանում չպետք է հրաժարվի դրան հասնելուց:
Հոգնած, կյանքից հաճույք չստացող մարդը կորած մարդ է: Ձանձրույթը, անտարբերությունը ճահճի պես ներքև են քաշում, փոխանակ սեփական կյանքի հանգամանքները փորձել հասկանալ, որոշ մարդիկ չեն ցանկանում դրանց մասին մտածել և տրվում են ձանձրույթին:
Շատերն իրենցից վանում են անդուր մտքերը: Նրանք անգամ ինչ-որ բան կարգին մտածել ու վերլուծել չեն կարողանում: Սեփական կյանքի համգամանքները հասկանալն ամեն մարդու տրված չէ: Այստեղ գլխավորը վերլուծելու կարողություն ու սովորություն զարգացնելն է, հասնել այն բանի նախապատճառը բացահայտելուն, թե ինչն է քեզ խանգարում երջանիկ լինել ու վայելել կյանքը: Նա, ով կսովորի դա անել, հեշտությամբ կարող է որոշումներ կայացնել ու հեշտ ապրել:
Անհաջողակի, տառապյալի դերը և ընդհանրապես որևէ ձանձրույթ ինձ ձեռք չեն տալիս: Ես այլ պլաններ ունեմ:
Մարդիկ համառորեն չեն ուզում հասկանալ, որ երջանկությունը մեր ներսում է: Բոլորը սիրում են այն բարդացնել, իսկ ես, ընդհակառակը, միշտ պարզության եմ ձգտում: Չի կարելի «բարդ է» և «խրթին է» հասկացությունները խառնել: Պետք է սովորել մտածել, ավելին, կառավարել սեփական մտքերը: Այդ ժամանակ դատարկ, անիմաստ վախեր ու տագնապներ չեն լինի:
Գլխավորը ամեն բան հաճույքով անելն է: Սա շատ է զարդարում կյանքը:
Ամենասարսափելի մեղքը ձանձրանալն է: Ահա կգա Ահեղ դատաստանի օրը, մեր տեր Աստվածը մեզ կկանչի իր մոտ ու կհարցնի. ‹‹Ինչո՞ւ չես վայելել կյանքի ողջ բարիքները: Ինչո՞ւ ես ձանձրացել››:
Յուրաքանչյուր մարդ բավականին ուժ ունի կյանքն արժանավայել ապրելու համար: Իսկ բոլոր խոսակցություններն այն մասին, թե որքան դժվարին ժամանակներ են հիմա, սեփական անգործությունն ու զանազան ձանձրույթներն արդարացնելու խորամանկ եղանակներ են:
Չէ՞ որ մենք ապրում ենք միայն մեկ անգամ, այն էլ՝ այնքան քիչ, ու ուրիշ կյանք այլևս չի լինելու: Պետք է որսալ յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր հնարավորությունը սեփական կյանքը վառ ու հետաքրքիր դարձնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը