Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998 թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քննարկում ենք հետագայում վիրահատության ենթարկելու անհրաժեշտության հարցը»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:
Շամխալ Պետրոսյանը վիրավորումը ստացել է որովայնի շրջանում մայիսի 13-ի գիշերը, ինչից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Վիճակը կայունանալուց հետո մայիսի 15-ին տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն: