«Մունդիալ-1966». Ֆուտբոլի հայրենիքի միակ հաղթանակը սեփական հողում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մունդիալ-1966». Ֆուտբոլի հայրենիքի միակ հաղթանակը սեփական հողում

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

Աշխարհի առաջնության պաստառը

Անգլիան 1966 թվականի Մունդիալի հյուրընկալող և հաղթող երկիր

Ֆուտբոլի աշխարհի 8-րդ առաջնությունը կայացավ ֆուտբոլի հայրենիքում` Անգլիայում: Մունդիալն անցկացվեց Անգլիայի 7 քաղաքների (Լոնդոն, Մանչեսթեր, Բիրմինգեմ, Լիվերպուլ, Շեֆիլդ, Սանդերլենդ և Միդլսբրո) 8 մարզադաշտերում: Ամենաշատ հանդիպումներն անցկացվեցին «Ուեմբլի»-ում` 9 հանդիպում: 20 օրերին ընթացքում խփվեցին 89 գոլեր, որոնցից միայն երկուսն էին ինքնագոլեր: Առաջնության լավագույն ռմբարկուն Պորտուգալիայի ազգային թիմից Էյսեբիոն էր (9 գոլ), իսկ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց` Բոբի Չարլտոնը: Աշխարհի առաջնության հետևեցին ռեկորդային 1,563,135 ֆուտբոլասեր:

Աշխարհի առաջնության գնդակը

31 աֆրիկյան երկիր բոյկոտեցին առաջնությունը` համաձայն չլինելով ՖԻՖԱ-ի կանոնի հետ, ըստ որի Աֆրիկայի գոտում որակավորման երկրորդ փուլի երեք հաղթողներ պետք է լրացուցիչ խաղային Ասիայի գոտու հաղթողների հետ:

Եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի 8-րդ չեմպիոնի կոչման համար մրցեցին Անգլիայի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ներկայացուցիչները: Մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, 96,924 հանդիսականի ներկայությամբ, Անգլիան առաջին և դեռևս վերջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Անգլիացիները հաղթեցին 4:2 հաշվով: Եզրափակչում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջեֆրի Հերստը: Երրորդ տեղում Պորտուգալիայի հավաքականն էր, իսկ Խորհրդային միության թիմը միայն 4-րդն էր:

Փաստեր

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության ընթացքում այս Մունդիալը վերջին էր, որտեղ խաղերը հեռարձակվեցին սև և սպիտակ կադրերով:

Անգլիան դարձավ երրորդ երկիրը, որ հաղթեց սեփական հարկի տակ անցկացվող աշխարհի առաջնությունում:

Առաջնության ընթացքում գրանցվեց հաճախելության ռեկորդ (1,563,135 ֆուտբոլասեր), որը բարելավվեց միայն 28 տարի անց:

Անգլիայի հավաքականը գավաթը ստացավ Եղիսաբեթ II-ից, ով գահին է մինչ օրս:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գողացվել է գավաթը, որը, սակայն, օրեր անց հայտնաբերվել է թփուտներում շան կողմից:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը