ՈԻԵՖԱ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «Շիրակ»-ի գործի հետ կապված:
ՀՖՖ-ն նամակ է ստացել ՈՒԵՖԱ-ի արդար խաղի պաշտոնյա Նիկոլաս Ռաուդենսկից, որում, մասնավորապես, ասված է. «Հայկական «Շիրակ ՖԱ» ակումբի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման մասին: Մասնավորապես, հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014 թ. մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII հերթական համաժողովում ընդունված «Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար» վերնագրված բանաձևին, համաձայն որի ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում և ձեռնարկում են կոնկրետ գործողություններ և կիրառում արդյունավետ քաղաքականություն՝ դրանք արմատախիլ անելու նպատակով:
ՀՖՖ-ն, իր հերթին, հավատարիմ մնալով իր սեփական կանոնակարգերին և գործընթացներին, ենթարկվելով ազգային օրենսդրության պահանջներին՝ կիրառում է կարգապահական գործառույթներ՝ հակազդելու համար (կամ փորձում է հակազդել) ֆուտբոլային խաղի (կամ առաջնության) ոչ մարզական, անբարեխիղճ կամ կոռուպցիոն դրսևորումներին: Հաջորդիվ, ՀՖՖ գործողություններն ուղղակիորեն ներդաշնակ են ՈՒԵՖԱ-ի կանոնադրությանը, որը սահմանում է, որ ՈՒԵՖԱ գլխավոր նպատակն է երաշխավորել մարզական մրցաշարերի կանոնավոր և ճիշտ գործելը, ինչպես նաև պաշտպանել ֆուտբոլը ցանկացած տիպի ոտնձգությունից: Այս համատեքստում մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին` Հայաստանում պայմանավորված խաղերի իրականացման դեմ գործադրած ջանքերի և ձեռնարկած կոնկրետ միջոցառումների համար: ՈՒԵՖԱ-ն կշարունակի հետևել իրավիճակին և, համապատասխանաբար, կխնդրի ՀՖՖ-ին իրեն տեղեկացված պահել:
Որպես ամփոփում՝ հարկ է նշել նաև, որ ՈՒԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին ցանկացած հարցով, ուր այն կարող է անհրաժեշտ լինել ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեմ պայքարի նպատակը հետապնդելիս (ներառյալ, բայց չսահմանափակված՝ արդար խաղի համաժողովներ, սեմինարներ, կարողությունների զարգացման թրեյնինգներ, շահառուների հետ երկկողմ ներգրավվածության սեմինարներ և այլն): Շնորհակալություն Հայաստանում ֆուտբոլի միասնականության պահպանման Ձեր նվիրվածության համար»: