Եթե արտահերթ ընտրություններն անց են կացվելու աշնանը – աչքիս այս տարի բյուջե չհաստատվի։ Նման իրավիճակ եղել է 1999 թվականի բյուջեի հետ։
Հիշեցնեմ, առնվազն հոկտեմբերին բյուջեի նախագիծը պիտի մտնի հանձնաժողովներ, որպեսզի դեկտմբերին մտնի ԱԺ լիագումար նիստ ու հաստատվի։ Կարճ ասած, եթե բյուջետային գործընթացի ժամանակացույցը համեմատում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների գործընթացի ժամանակացույցի հետ, առնվազն երկու տարբեր պատգամավորներ են առնչվելու բյուջեի քննարկման հետ։ Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ բյուջեն կհաստատվի հաջորդ տարի։
Հիմա ասածս։
Քանի որ ցավոք սրտի մեր բյուջեն զրոյական հիմքով է, այսինքն ամեն անգամ վերահաստատվում է, ապա նման դեպքերի լուծում է առաջադրված հետևյալ հոդվածը «Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով»։
Ասեմ, որ կտրուկ փոփոխվող բյուջեների դեպքում սա խնդրահարույց է, և այդպես էր 1999 թվականին։ Այն ժամանակ ես պնդում էի, որ չի կարելի օրենքը խախտել, որ պետք է պահել համամասնությունները, սակայն ինձ հրահանգվեց կատարել ծախսերը նոր, թեպետ չհաստատված բյուջեով։ Կարճ, այս դրույթի կարիքը մեկ անգամ է զգացվել ու չի իրագործվել։
Ազնվորեն ասեմ, թեպետ դրա իրագործման ջատագովն եմ եղել, ինքս էլ հասկացել եմ, որ աբսուրդ է այն այդպես օգտագործելը։ Այն իրագործելը հավասարազոր է ամերիկյան government shutdown սխեմային, ու ինձ թվում է, որ Հայաստանը պատրաստ չի սրան։ Այս փոքրիկ հարցը շատ կարևոր է, որ հասկանանք, օրինապաշտ երկի՞ր ենք կառուցում, թե՞ որոշում ենք օրենքը շրջանցել հանուն խոհեմության։ Բյուջեն հաստատելը պառլամենտական վերահսկողության ուժեղագույն գործիքն է, և բյուջեն պարզապես տեխնիկական գումարում-հանում չի, այնտեղ են որոշվում իշխանական շատ հարաբերություններ ու հակակշիռներ։