Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԻ ՏԵՍԱԿ ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ՉԻ, ԿԱՐԾԵՍ ԹԵ…
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանին, անձամբ չեմ ճանաչում: Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին՝ նույնպես, բայց, կարծես, մի տեսակ գեներալական չի գեներալ-լեյտենանտ Աղաբեկյանի պահվածքը:
Արդյոք ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտը իրավունք ունի՞ հրապարակային «ամենաանպատրաստ գեներալ» անվանել բարձրագույն ռազմական ուսումնարանում, ռազմական ակադեմիայում ուսանած, ռազմական ակադեմիայում վերապատրաստված, գլխավոր շտաբի օպերատիվ վարչություն ղեկավարած, գլխավոր շտաբի պետի տեղակալ աշխատած, «Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին աստիճանի» մեդալ, «Արիության մեդալ» ստացած և, ի վերջո, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակված գեներալին:
Մի տեսակ մեսիջի նման չի՞ Աղաբեկյանի հայտարարությունը, հստակ գիտակցելով, որ հայկական մեդիան սրտատրոփ սպասում է նման «սկանդալների»: Հետո՝ սա անձնական կարծի՞ք է՝ պայմանավորված անձնական դրդապատճառներով, թե՞ Արցախի նախագահի խորհրդականի կարծիք: Ճշտեք: Կարևոր է:
Ավելի գեներալական չէր լինի՞ և՝ ավելի ազնիվ, «անհանգստությունները» խորհրդապահական խողովակներով հասցնել ՀՀ վարչապետին, նախագահին, եթե դրանք, իրոք, հայրենիքով պայմանավորված անհանգստություններ են:
Եւ կարիք չկա՞ արդյոք, ներողություն խնդրել՝ պահպանելով գեներալական մունդիրի պատիվն ու էթիկական նորմը, հեռացնել «անհանգստությունը» ֆեյսբուքից, խնդրել մեդիայից՝ էս մի «սկանդալից» հեռու մնալ:
Բոլոր նախարարությունները ֆեյսբուքով են կառավարվում հերիք չի, անցանք բանակին: Եթե զինված ուժերն էլ ենք ֆեյսբուքով սկսում կառավարել, ասեք, իմանանք:
Եթե գեներալ-լեյտենանտներն էլ չեն գիտակցում արդեն Հայաստանի պատերազմող երկիր լինելու հանգամանքը, շատ է տխուր երկրի վիճակը, պարոնայք:
Վերջը էս երկրում պետական մտածողությամբ մի մարդ մնալու է՞, թե՝ ոչ:
Հ.Գ. Վազգեն Սարգսյանը ժամանակին խորհրդարանում բողոքում էր, որ Շուշիի գրավումից առաջ կուսակցական թերթերը Շուշիի գրավման քարտեզ են հրապարակում: «Խասիյաթ»-ը մնացել է՞…
Ի դեպ. Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքի էջի «քավըրում» գրված է՝ «Արցախը ես եմ»…»: