Գեղարքունիքի մարզի ավագ և միջնակարգ դպրոցներին 2018 թվականի մայիսի 25-ին հրաժեշտ են տալիս 790, հիմնական դպրոցներին՝ 2580 շրջանավարտ:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, 12-րդ դասարանների 790 շրջանավարտից 623-ն ավարտում են մարզային, 167-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցները: «Վերջին դաս» միջոցառումը մայիսի 25-ին անցկացվելու է հնգօրյա աշխատանքային գրաֆիկով գործող դպրոցներում, իսկ վեցօրյա գրաֆիկով աշխատող դպրոցներում այն կնշվի մայիսի 26-ին: Առավել շատ թվով շրջանավարտ մարզում տվել է Ծովինարի միջնակարգ դպրոցը, որին այս տարի հրաժեշտ են տալու 32 տասներկուերորդ դասարանցի:
Ներքին Գետաշենի թիվ 1 և Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցները տվել են 23-ական շրջանավարտ: «Վերջին դաս» միջոցառումը Աղբերքի, Կալավանի, Կուտականի, Նորակերտի, Փոքր Մասրիկի, Անտառամեջի, Կութի, Արեգունու միջնակարգ դպրոցներում անցկացվում է մեկական աշակերտներով: Իսկ ահա 17 միջնակարգ դպրոցներում միջոցառումը տեղի չի ունենա, քանի որ այդ հաստատություններում շրջանավարտներ այս տարի չեն լինի: Դրանք են Գագարինի, Չկալովկայի, Սևան քաղաքի թիվ 5 և թիվ 6, Գեղամավանի, Այրքի, Ախպրաձորի, Ծափաթաղի, Մաքենիսի, Նորաբակի, Շատվանի, Ջաղացաձորի, Գետիկի, Վանեվանի, Շողակաթի, Մարտունի գյուղի և Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցները: «Վերջին դաս» միջոցառմանը բոլոր դպրոցներում մասնակցելու են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: