Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցը դեռևս չի քննարկվել: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Խմբակցության ղեկավարի հարց այս պահին չի քննարկվել, քանի որ Արամ Սարգսյանը հարգելի պատճառներով չի կարողանում մասնակցել մեր նիստերին: Կարծում եմ՝ մյուս շաբաթ կկարողանանք հավաքվել և որոշում կայացնել: Դաշինքում կոնսենսուսով են բոլոր որոշումները, և մինչև այս պահը մենք խնդիր չենք ունեցել: Կարծում եմ նաև այս հարցում մենք կունենանք կոնսենսուս, և որևէ խնդիր չի լինի»,- ընդգծեց նա:
Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը բեռ է և լուրջ աշխատանք է պահանջում:
Հարցին՝ անձամբ ինքն ո՞ւմ է տեսնում «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում, Մարուքյանն ընդգծեց, որ անձամբ տեսնելու խնդիր չկա: Նա հիշեցրեց, որ երբ ընտրել են խմբակցության ղեկավար, թեկնածուները եղել են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, որոշում է կայացվել ընտրել Փաշինյանին: «Հիմա իմ թեկնածությունը ևս քննարկվում է, կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Կքննարկենք, կհասկանանք»,- ասաց պատգամավորը:
Նա նաև հավելեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Լենա Նազարյանի թեկնածությանը նորմալ է վերաբերվում:
Անդրադառնալով խմբակցության քարտուղարի մասին հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա կախված կլինի նրանից, թե ով կլինի խմբակցության ղեկավարը: Նա հստակեցրեց՝ եթե խմբակցության ղեկավար ընտրվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ապա քարտուղարը կփոխվի, քանի որ այդ դեպքում քարտուղարն այլ ուժ պետք է ներկայացնի: