«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ, այսօր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի, հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ է դարձել Հայաստանի նորաստեղծ հանրապետությանը:
«Մեր անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր: Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես շատ մեծ էր, որովհետև, կարծում եմ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս և այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել: Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, և մենք ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար», – ասաց վարչապետը:
Կառավարության առաջնահերթություններից կարևորագույնը, ինչպես Փաշինյանը հայտարարեց, քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը:
«Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձևավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, որովհետև, կարծում եմ, որ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին և ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել: Եվ հետևաբար, մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որևէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ՝ սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով», – ասաց վարչապետը:
Փաշինյանը ընդգծեց՝ կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ:
Այդ գործընթացը, վարչապետի խոսքով, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորը համոզվեն, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ արմատախիլ է արված Հայաստանի Հանրապետությունում:
Ամբողջությամբ՝ azatutyun.am