«Չթողնեք ինձ այստեղ ու վրեժս կլուծեք». 100 տարի առաջ, այս օրը. Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«Չթողնեք ինձ այստեղ ու վրեժս կլուծեք». 100 տարի առաջ, այս օրը. Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանի հրապարակումը.

1. Ամեն տարի այս օրերին ես հիշեցնում եմ մոռացված այս հերոսի մասին, ում սխրանքի շնորհիվ է նաև, որ կա այսօրվա Հայաստանը:

2. Ազգի ոգին կերտում են ազգի պատմության ու հերոսների միջոցով:
Մեզ հարկավոր է պատմության փոշու տակից դուրս հանել մոռացված մեր հերոսներին ու ներկայացնել մարդկանց:
Այդպիսի մոռացված մի հերոսի մասին եմ ուզում պատմել այսօր:

3. 1918 թվականը դժվարին ու նաև ճակատագրական շրջան էր հայության համար: Թուրքիան մտադիր էր վերջնականպես լուծել հայկական հարցը` վերացնելով հայկական պետությունը:
Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի էր բաժանվել: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվում էր հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս: Ալեքսանդրապոլի անկումից հետո այս հատվածում իսկական շփոթ էր սկսվել: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա և այլևս ոչինչ չի կարող կանգնեցնել թշնամուն:
Թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում

4. Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:

«Փառք եւ պատիվ հայ արյան- վկայում է ականատեսը ու շարունակում,- խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ հրետանու կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանցը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:
Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու:

Հետո խորհրդակցության սրահը լքում է ճակատամարտերում վիրավորված, պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը:
Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս դուրս են գալիս շենքից:
Այստեղ նկատենք, որ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Հակոբյանի հետ, ասել էր՝« Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ: Ի սերԱստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»:

5. Շտաբս-կապիտան Պետրոսյանցը այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է`
«Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի` շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:
Ղարաքիլիսա են մեկնում նաև Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաև Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ:
Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` Բեյ-Մամիկոնյանը հրամայում է դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ:
Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10 000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:

6. Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է`
«Ամսի 25-ին հեծյալ ոչ մեջ ջոկատով գնացինք դեպի Ղշլաղ և Դարբաս գյուղերի ուղղությամբ: Հասնելով Դարբաս գյուղ, մարտկոցը կանգնեցրինք այդտեղ և առաջ ուղարկվեցին հեծյալ ջոկեր՝ պարզելու համար թուրքերի գտնվելու վայրը:
Ամենուր խաղաղ էր, միայն Արջուտ գյուղի կողմից էին լսվում հատուկենտ կրակոցներ: Հանկարծ Դարբաս գյուղը և ճանապարհը սկսեցին ռմբակոծվել հրետանային կրակով, և հեծյալ ջոկերը ետ նահանջեցին»:

Թուրքերը դիրք էին գրավել Արջուտ գյուղում, որտեղից պարզ երևում էր շրջակայքը: Իսկ դիմացը Դարպաս գյուղն էր, որտեղ կապիտան Մովսիսյանցի հրետանին էր:

Կապիտան Մովսիսյանցը Պետրոսյանցին հրամայում է երկրորդ ջոկատի հետ արագ առաջ ընթանալ և լանջի վրայից գնդակոծելԱրջուտ գյուղը, իսկ ինքը առաջին ջոկատի հետ առաջանում է դեպի ձախ, ուր այն ժամանակ գերեզմաններ էին:
Կապիտան Պետրոսյանցն արագ բարձրանում է թիվ 752 բարձունքի լանջը, դիրքավորվում և սկսում կրակել Արջուտ գյուղի ուղղությամբ: Բայց հանկարծ այդ բարձունքի վրա երևում են թուրքերը: Պարզվում է, որ մեր պահախումբը գիշերն ինքնակամ լքել էր այդ դիրքը, հրամանատարությանն այդ մասին տեղյակ չպահելով:
Թուրքերը 200 քայլ հեռավորությունից գնդացրային կրակ են բացում անակնկալի եկած հայերի վրա:

Պետրոսյանցը հարկադրված ետ է քաշվում ու պաշտպանվում մոտի ձորակում՝ տալով երկու զոհ:
Կապիտան Մովսիսյանցը, ով բավականին առաջացելէր դեպի ձախ, տեսնելով դա, թնդանոթային կրակ է բացում թուրքերի վրա ու այդ կերպ օգնում Պետրոսյանցին դուրս բերել ջոկատը կրակի տակից: Հասնելով Դարպաս գյուղ, Պետրոսյանցը կրկին բաց դիրք է գրավում ու սկսում կրակ տեղալ թուրքերի վրա, ովքեր ուզում էին իջնել բարձունքից դեպի հայերը՝ նպատակ ունենալով շրջանցել ու կտրել նահանջի ուղին:
Կապիտան Մովսիսյանցը տեսնելով դա, հրետանավորներին ու հեծյալներին հրամայում է անցնել հարձակման, ինքն էլ առաջ է նետվում նրանց հետ, Պետրոսյանցի մոտ թողնելով մի քանի հրետանավորների, ում հետ Պետրոսյանցը շարունակում է գնդակոծել թշնամու դիրքեըը: Թուրքերը բարձունքում էին և գնդացրային կրակ էին տեղում, հրետանու վահանները հազիվ էին պաշտպանում մեր զինվորներին: Հրետանավորներից ոմանք ընկան, ձիերը խոցվում էին:

Կապիտան Պետրոսյանցը հիշում է`

«Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար. Փամփուշտը խոցելէր նրա որովայնը: Նա հասցրեց ասել՝
« Չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք»:

7. Պետրոսյանցը շարունակում է`

«Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները և վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով՝
– Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք:
Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում և աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»:

Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը` վրեժ լուծել թուրքերից:
Պետրոսյանցը հրետանին դուրս է բերում ճանապարհի վրա ու զինվորներին կոչ անելով վրեժ լուծել հրամանատարի ու մյուս զոհված ընկերների համար, կրակ է տեղում թուրքերի վրա, լռեցնում գնդացիրները և թուրքերին հարկադրում ետ քաշվել :
Կապիտան Մովսիսյանցի և շատ զինվորների կյանքի գնով հաջողվում է փրկել դրությունը:

8. Հայկական առանձին հեծյալ բրիգադի պետ Նիկոյալ Ղորղանյանի 1918թ հուլիսի 4-ի թիվ 559 զեկուցագրից, ուղղված Հայկական առանձին կորպուսի հրամանատարին, իմանում ենք՝ « Թուրքերին բաց դիրքից գնդակոծող շտաբս-կապիտան Մովսեսովի անձնուրաց գործողությունները զսպեցին հակառակորդի առաջին ճնշումը, հեծյալ զորամասերը քաջալերվեցին և մեր շարքերը կարողացան պահել հակառակորդին ճակատում:
Իմ գլխավորած թևից տագնապալի տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ թուրքերն ինձ շրջանցել են, սակայն հրաձգային երրորդ գունդն ապահովեց իմ ձախ թևը: Այդ օրը իմ ջոկատին հաջողվեց կասեցնել հակառակորդի ճնշումը: Ջոկատի այդ օրվա կորուստներն էին. սպանվել էր առաջին հրետանային բրիդագի 4-րդ մարտկոցի հրամանատար շտաբս կապիտան Մովսեսովը և 25 զինվոր, վիրավորվել էին 1 սպա և 40 զինվոր:

9.Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Եվ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարդը ու փրկել երկիրը:
Եվ երբ օրեր անց Թուրքիան ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը, ապա Հաշտության պայմանագիրը ստորագրելիս թուրքերն անկեղծորեն խոստովանում են, որ Հայաստանի ճանաչման գործում մեծ դեր է խաղացել Ղարաքիլիսայի ճակատամարտը ևս:

10. Շտաբս-կապիտան Պետրոսյանցի վկայությամբ հրամանատարի աճյունը միայն երկու օր անց է հնարավոր լինում հողին հանձնել: Չդադարող կռիվները հնարավորություն չեն ստեղծում դրա համար:
Ռազմաճակատում անբարենպաստ վիճակ էր ստեղծվել հայերի համար, ու հրետանավորները հրամանատարի մարմինը դժվարությամբ, ձեռքերի վրա են դուրս բերում մարտադաշտից, ապա տեղափոխում Դիլիջան :

11. Կապիտան Մովսիսյանցի մարմինն ամփոփվում է Դիլիջանի քաղաքային եկեղեցու բակում: Այդ եկեղեցին կոմունիստական կարգերի օրոք ավերվել է և տեղում կինոթատրոն է կառուցվել: Տարեց բնակիչները վկայում են, որ եկեղեցու բակում եղել են գերեզմաններ: Այնպես, որ հերոսի գերեզմանը գտնել հնարավոր չէ:

12. Ահա և մեր պատմությունը հերոս հայորդու մասին, ով ըմբոստացավ զենքը վայր դնելու որոշման դեմ ու իր խիզախությամբ զինվորներին ու ժողովրդին մարտի տարավ` իր կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Եվ ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է
կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցի սխրանքը:
Հիշե՛նք մեր հերոսին:

Արծրուն Պեպանյան
Արժեհամակարգային «Վերելք» միություն

ՀԳ. Արժեհամակարգային «Վերելք» միությունը նախաձեռնել է Գուրգեն Տեր- Մովսիսյանցին նվիրված փաստավավերագրական ֆիլմ ստեղծել։