ԿԳՆ-ն Թումոյի հետ համատեղ ներկայացրեց «Նոր սերնդի կրթություն» ծրագիրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԿԳՆ-ն Թումոյի հետ համատեղ ներկայացրեց «Նոր սերնդի կրթություն» ծրագիրը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ԿԳ նախարարությունը համատեղ ներկայացրին «Նոր սերնդի կրթություն» ծրագիրը:

Միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ շատ է կարևորում նմանատիպ ծրագրերը, քանի որ դա գաղափարներ գեներացնելու հիանալի միջոց է:

«Այս միջոցառումը նախագծվել էր մինչև իմ` նախարարի պաշտոնում նշանակվելը: Թումոյից դիմել էին ինձ, և մենք քննարկել էինք այսպիսի հարթակ ստեղծելու հնարավորությունը: Այն արձագանքն ու համագործակցությունը, որն առկա է, լավ հարթակ է ստեղծել գաղափարներ գեներացնելու և տարբեր լուծումներ առաջարկելու համար: Ես այս ոլորտում երկար ժամանակ եմ գործունեություն ծավալում, մենք անընդհատ քննարկումներ ենք ունեցել, սակայն լուծումների համար քննարկումներն այնքան էլ շատ չեն եղել»,- նշեց նախարարը և հավելեց, որ իր կարծիքով այս հարթակը պետք է դառնա լուծումների հարթակ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազեանն ասաց, որ այս ծրագիրը նպատակ ունի պատրաստել այնպիսի փաթեթ, որը կնպաստի կրթական ոլորտում մեծ բարեփոխումներ իրականացնելուն:

«Այսօր մենք պետք է ձգտենք ունենալ այնպիսի կրթական համակարգ, որը կհամարվի աշխարհում լավագույններից մեկը: Մենք ունենք երեք հստակ նպատակ և այդ նպատակների վրա աշխատելու ենք առաջիկայում: Պետք է հավաքենք բոլոր այն ռեսուրսները, գաղափարներն ու ծրագիրները, որոնք կկարողանանք տրամադրել կրթության բոլոր բարեփոխումներին նպաստելու համար: Երկրորդը` ձևավորելու ենք հստակ տեսլական, որ ուղղորդի այդ բարեփոխումները, իսկ երրորդ՝մեր նպատակն է` ունենալ պլան և ժամանակացույց, որն անմիջապես ընթացք կտա բոլոր փոփոխություններին»,- ընդգծեց Մարի Լու Փափազեանը: