Աշոտ Խուրշուդյանի հրապարակումը.
«Տնտեսագիտության մեջ այսպիսի բան կա opportunity cost: Ցավոք հաճախ մոռանում են դրա կիրառական կարևորությունը, ինչն էական է հատկապես հանրային քաղաքականություն իրականացնելիս։ Եթե ինչ-որ լավ բան անում ես, կորցնում ես մեկ այլ լավ բան անելու հնարավորությունը։ Եթե այս տեքստը կարդում եք, կորցնում եք այլ տեքստ կարդալու հնարավորությունը։ Սա կարող է չերևացող, սակայն մեծ կորուստ լինել։ Նմանապես, դուռ եք բացում որևէ լավ առաջարկի առաջ, փակում եք մյուսի դուռը։ Սա է պատճառը, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է գաղափարների ու տարատեսակ հնարավորությունների մրցակցություն տեղի ունենա, ոչ թե միայն մեկի առաջ դուռ լայն բացվի։
Քանի որ մեծ ու ցավոք բացասական ու տհաճ աղմուկ բարձրացավ Արարատյան բակալավրիատի շուրջ, որը տեղափոխվեց Այբ դպրոց ու դարձավ թեժ վեճերի պատճառ, ցանկացա խնդիրը ներկայացնել opportunity costի պրիզմայով։ ԱԲ-ն լավ մշակված ու ջանքեր ներդրած ծրագիր է։ Թող ոչ-ոք չասի, որ ԱՅԲ-ը վատ բան է իրականացրել։ Հարցը կորցրած այլընտրանքն է, այլընտրանքային հանրային քաղաքականություն իրագործելու հնարավորությունւ, որը կորցրել ենք։ Իսկ կորցրել ենք երկու կարևոր նախաձեռնություն, մեկը ավագ դպրոցն է, մյուսը հանրակրթության բյուջեն։ Այսինքն, ոչ թե պետք է հարցնել, թե ինչու՞ է իրագործվել ԱԲ, այլ թե ինչու հանրակրթության քաղաքականությունը նման անտեր վիճակում է հայտնվել։
Ամեն տարի մվազեցվում էր հանրակրթության բյուջետային հատկացումները։ Այսօր միջնաժամկետ ծրագրում ֆիքսված է ՀՆԱ 1.85 տոկոս, երբ դրա մինիմումը պիտի 2.5 տոկոս լինի։ Ու հանրակրթության պատասխանատուները չեն պաշտպանել իրենց ոլորտի շահերը, բավարարվել են միայն մի քանի լավ ծրագրով, սպասել են, որ կրթության գերազանցության մոդելի ներդրվի ու «ինքնաբերաբար» կատարի հանրային քաղաքականության գործառույթը։
Եթե կարճ ամփոփեմ, խնդիրը ոչ թե արածներն են, այլ չարածները։ Կրթության զարգացումը թողնվել է հատվածական տարբեր նախաձեռնությունների ու համապարփակ ձևով քաղաքականություն չի իրագործվել։ Սա էլ հենց կոչվում է մեծ ծախսեր, սա այն գինն է, որ վճարում ենք ոչինչ չանելով։ Սա նման է նրան, որ երբ քաղաքապետարանի կողմից անմշակ բակի մի փոքր հատված ինքուրույն ծաղկանոցի ես վերածում, հետո քեզ են մեղադրում, որ գրավել ես մի տարածք, որը քոնը չէր։
Մեր հանրային քաղաքականությունը շատ ոլորտներում է նման ամայի վիճակում։ Ու մենք թանկ ենք վճարում սրա համար։ Իսկ ամենամեծ վճարը կորցրած ժամանակն է»։