Իմ զավակն էլ հուլիսին կզորակոչվի, խոշորացույցի տակ կհետևեք. Դավիթ Տոնոյան
Advertisement 1000 x 90

Իմ զավակն էլ հուլիսին կզորակոչվի, խոշորացույցի տակ կհետևեք. Դավիթ Տոնոյան

Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է ծառայելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին:

Նախարարը հավելեց, որ ինքը ոչ մի բան ուղերձի համար չի անում, սակայն կարծում է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում:

Նա ասաց, որ որդին արդեն 18 տարեկան է և մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի: Հարցին՝ կծառայի՞, թե արտոնյալների շարքում կլինի, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ուշադիր կհետևեք, խոշորացույցի տակ»:

Նա անդրադարձավ նաև բանակում ինքնասպանությունների խնդրին՝ նշելով, որ դա սոցիալական խնդիր է և ոչ միշտ է կապված բանակի հետ: «Զինված ուժերում ինքնասպանությունների ընդհանուր վիճակագրությունը անգամ արհեստավարժ բանակների համեմատ, անգամներ քիչ է՝ հաշվի առնելով զինծառայողների տարիքը և այլն: Բայց շատ աշխատանք կա կատարելու, որպեսզի նվազեցվի»,-ասաց պաշտպանության նախարարը:

Վերջում նա վստահեցրեց, որ հայ զինվորի նման զինվոր չկա աշխարհում. «Հավատացեք ինձ»:

news.am