Արա Բաբլոյանին սեփական կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, անջատելը սխալ է․ ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ ընդամենը 3 ՀՀԿ-ականի Սարդարապատ հրավիրելու շուրջ. factor.am
Advertisement 1000 x 90

Արա Բաբլոյանին սեփական կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, անջատելը սխալ է․ ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ ընդամենը 3 ՀՀԿ-ականի Սարդարապատ հրավիրելու շուրջ. factor.am

«Մենք ԱԺ բոլոր խմբակցություններին էլ հրավերներ ուղարկել ենք, այդ թվում և՝ ՀՀԿ խմբակցությանը։ Իսկ մնացած հարցերը՝ հրավիրվածների ներկայության և ցուցակների հետ կապված, համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը»,- Factor.am -ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Տիգրան Մուղնեցյանը՝ նշելով, որ իրենք ավելի կարևորել են այսօրվա տոնական միջոցառումներին քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, «Մարտի 1»-ի զոհերի և սոցիալական այլ շերտերի ներկայացվածությունը, այդ իսկ պատճառով էլ սահմանափակ տեղերի պարագայում, որոշել են «օպտիմալ վերանայում» կատարել և պատգամավորների ներկայացվածությունը սահմանափակելով՝ ԱԺ բոլոր խմբակցություններին ուղարկել սահմանափակ թվով հրավերներ։ Հստակեցնող հարցին՝ արդյոք ԱԺ ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությանը և, օրինակ, 9 հոգանոց «Ելք» խմբակցությանը նույն թվով, ընդամենը 3 հրավեր ուղարկելը ճի՞շտ է, պարոն Մուղնեցյանն արձագանքեց․ «Եթե ՀՀԿ խմբակցությունը 58 հոգանոց է, հիմա Հայաստանի բնակչությունն էլ 3 միլիոնանոց է, և այդ 3 միլիոնն էլ խնդիր ունեն ներկայացված լինելու»։

Factor.am-ը նաև հետաքրքրվեց, թե ինչու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին առանձին հրավեր չի ուղարկվել, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը պատասխանեց․ «Պարոն Բաբլոյանը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը և պարոն Բաբլոյանին սեփական կուսակցությունից անջատելը, ի պաշտոնե նույնիսկ, սխալ է»։ Հիշեցնենք, որ այսօր Սարդարապատում կայացած Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնական միջոցառումներին ներկա չէին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակներն ու պատգամավորները։

Factor.am-ն արձանագրեց միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ներկայությունը։ Պարզեցինք, որ ընդհանուր առմամբ ԱԺ է ուղարկվել 13 հրավեր, որից 3-ը՝ ՀՀԿ խմբակցությանը, այդ թվում և՝ Արա Բաբլոյանին։

factor.am



Նման նյութեր