Անհրաժեշտ է քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու ուղիներ գտնել, քանի դեռ պետությունը չի կարող ստանձնել նրանց հոգածությունը. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Անհրաժեշտ է քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու ուղիներ գտնել, քանի դեռ պետությունը չի կարող ստանձնել նրանց հոգածությունը. Աննա Հակոբյան

Պետությունն առայժմ պատրաստ չէ ստանձնել օնկոլոգիական հիվանդություններով երեխաների հոգածությունը, անհրաժեշտ է այս երեխաներին օգնելու այլ ուղիներ գտնել, այդ թվում՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հրաշալի կլիներ, եթե պետությունը կարողանար անհրաժեշտ ամեն ինչով ապահովել օնկոլոգիական հիվանդություններով երեխաներին, որ ոչ մի երեխա առանց բուժման կամ առանց դեղերի չմնար, և որ այդ երեխաների ու նրանց ընտանիքների ամբողջ հույսը չլինեին բարեգործական կազմակերպությունները: Սակայն ներկայումս դա անհնար է, ուստի անհրաժեշտ է փնտրել փոքրիկ հիվանդներին օգնելու այլ ուղիներ, մինչև պետությունը «ոտքի կանգնի» և կարողանա նրանց հոգածությունը ստանձնել:

Խոսելով խոշոր հիմնադրամի ստեղծման մասին, որը կհամակարգի աշխատանքը և հանդես կգա բոլոր մասնագետների ու կազմակերպությունների անունից, որոնք զբաղվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հարցերով, Աննա Հակոբյանը նշեց, որ նման հիմնադրամի ստեղծման աշխատանքներ արդեն կատարվում են, և արդյունքների մասին մոտ ապագայում կհայտարարեն:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է զբաղվի մանկական օնկոլոգիայի և արյունաբանության ոլորտի զարգացման հարցերով: Հայկական կլինիկաների տվյալներով՝ ամեն տարի մոտ 75 երեխայի մոտ օնկոլոգիական հիվանդություններ են ախտորոշվում: Բուժումը շատ թանկարժեք է և միջինվիճակագրական ընտանիքի ուժերից վեր է, այս պատճառով երեխաների ընտանիքներին օգնում են բարեգործական հիմնադրամները:

Առավել արդյունավետ աշխատանքի համար առաջարկվել է ստեղծել խոշոր հիմնադրամ՝ ոլորտի ֆոնդերի և մասնագետների մասնակցությամբ, որը կհամակարգի աշխատանքը և հանդես կգա բոլոր մասնագետների ու կազմակերպությունների անունից, որոնք զբաղվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հարցերով: Աննա Հակոբյանին առաջարկել են դառնալ հոգաբարձուների խորհրդի անդամ:

med.news.am



Նման նյութեր