Օրեր առաջ՝ լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնային խնդիրներից է օտարագիր, մասնավորապես՝ լատինատառ հայերենի դեմ պայքարը:
Գաղափարն, անքննելիորեն, հրաշալի է։ Այն նույնիսկ անթերի է հնչում՝ քանի դեռ միայն հնչում է, որովհետև գործնականորեն համացանցը լատինատառից մաքրելը շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ։ Եվ ահա՝ ինչու։
Հավանաբար չկա մի ընտանիք, որը չունենա «դրսում ապրող բարեկամներ», և ես էլ բացառություն չեմ, սեփական օրինակով ներկայացնեմ։ Իմ մորեղբայրները տասնյակ տարիներ ապրում են ՌԴ-ում։ Նրանց երեխաները խոսում են հայերեն, նույնիսկ՝ Արցախի բարբառով, բայց․․․ չգիտեն հայերեն տառերը։ Նրանց հետ շփվելու համար ես ունեմ երեք տարբերակ՝ գրել ռուսերեն, գրել ռուսերեն տառերով հայերեն կամ ուղղակի ուղարկել ձայնային հաղորդագրություններ՝ հայերեն։ Այսինքն՝ անգամ ամենամեծ ցանկության դեպքում նրանք չեն կարող հայատառ գրել, որովհետև ուղղակի մեր տառերին չեն տիրապետում՝ որքան էլ սա ցավոտ հնչի։ Եվ տարիքով էլ ամենևին փոքր չեն, արդեն ունեն իրենց երեխաներին, որոնց, ի դեպ, մեծացնում են նույն սխեմայով՝ ճարահատյալ։ «Ճարահատյալն» էլ իր երկու պատճառն ունի․ առաջինը՝ մոտակայքում հայկական դպրոց չկա, երկրորդը՝ անգամ եթե կա, նրանք ամաչում են իրենց իսկ տառաճանաչ չլինելուց և մեծ դժվարությամբ կարող են իրենց ներսում հաղթահարել «ամոթը», իրենց երեխային հայկական դպրոց տանել ու ասել, որ գիտեք՝ մենք հայերեն տառերը չգիտենք, բայց շատ ուզում ենք, որ մեր երեխան սովորի, գուցե՝ մենք էլ իր հետ։
Այսպիսի մարդիկ շատ են, ավելի շատ, քան կարելի է պատկերացնել։ Մարդիկ, որոնք հասկանում են հայերեն, խոսում են հայերեն, բայց հայերեն գրել չգիտեն։ Չգիտեն, բայց ուզում են իրենց հայ զգալ. օտար երկրներում այս պահանջն ավելի սուր է լինում։ Հենց դրա համար էլ գրում են անգլատառ կամ ռուսատառ հայերենով, ոչ թե՝ բուն ռուսերենով կամ անգլերենով՝ չնայած նման կերպ գրող մարդիկ ևս կան։
Ստացվում է, որ լատինատառ գրելը մենք միշտ դիտարկել ենք որպես պատճառ, ասենք՝ ծուլության դրսևորում, երբ մարդը երկուհազարականներին սովորել է տրանսլիտով գրել, քանի որ այն ժամանակ բոլորս էինք այդպես գրում, հիմա ուղղակի ծուլանում է մի քանի օր փոքր-ինչ դանդաղ տպել, իրեն նեղություն տալ ու մեկընդմիշտ սովորել հայատառ հայերենին։ Կամ չի ուզում ժամանակ հատկացնել ու հայատառ ստեղնաշար ներբեռնել։ Իսկապես, մարդկանց մի մասի մոտ սա տարրական անբանության դրսևորում է, բայց կա մարդկանց մեկ ուրիշ խումբ, որոնց համար լատինատառը ոչ թե պատճառ է, այլ՝ հետևանք։ Հետևանք՝ օտար երկրներում ապրելու, հայ համայնքներից կտրված լինելու և այլն։ Սա ոչ մի կերպ արդարացում չէ, բայց սա փաստ է, և դրա հետ պետք է հաշվի նստել։
Ստացվում է, որ լատինատառի դեմ պայքարը ավելին է, քան ուղղակի մարդկանց հորդորելը, թեկուզ ստիպելը հայերեն ստեղնաշար ներբեռնել՝ պարզ պատճառով․ եթե մեկը չգիտի տառերը՝ ոչ մի ստեղնաշար չի օգնի ու փրկի։ Դե իսկ լուծումն էլ ավելի պարզ է՝ ծրագրեր ներբեռնելու կոչից առաջ պետք է մարդկանց առաջնահերթ սովորեցնել հայերեն տառերը։
Հայերեն տառերը սովորեցնելու համար նախ, հավանաբար, պետական մակարդակով պետք է անընդհատ ու անվերջ կրկնել կրթություն ստանալու՝ երբեք ժամանակավրեպ չլինելու փաստը, հետո աշխատել մի քանի ուղղությամբ։ Նախ, Հայաստանում ապրող ծույլերին սեփական օրինակով, սոցցանցային և այլ հարթակներ կիրառելով՝ անընդհատ քարոզել հայատառ գրելու առավելությունները, հարմարությունը, ստիպել դուրս գալ «տրանսլիտային կոմֆորտ զոնայից»։ Տառաճանաչ հայերը հայատառից վախենում են նաև ուղղագրական սխալների պատճառով․ տրանսլիտով դրանք առանձնապես չեն նկատվում, իսկ այ հայատառ գրելիս բոլորը կտեսնեն, որ ուղղագրական սխալները շատ են։ Դրա համար հրաշալի կլինի, եթե ստեղծվեն սոցցանցային խմբեր, գուցե դասընթացներ՝ հայերենի ուղղագրությունը լավացնելու վերաբերյալ։ Սա առանձնապես մեծ գումարներ ու ջանքեր չի խլի, կարելի է շատ հեշտ ու արագ կազմակերպել։
Հետո արդեն անցում կատարել ոչ տառաճանաչ մարդկանց՝ նախ էլի հորդորելով, որ ոչ մի ամոթ բան չկա հայկական տառերը չիմանալու մեջ, և եթե անկեղծ՝ շատ ավելի ամոթ է սովորելու հնարավորության դեպքում դրանք չսովորելը։ Ու էլի քայլել վերոնշյալ սխեմայով․ ստեղծել խմբեր, դասընթացներ, որոնք հատ-հատ, մարդկանց խմբերին կսովորեցնեն հայերեն տառերը գրել ու հայերենով կարդալ։
Հարցը հիմնային լուծելու խնդիր կա։ Եթե անընդհատ մատ թափ տանք, «դրսում» ապրող հայերն ուղղակի կսկսեն ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզվով գրել կամ ավելի վատ՝ «կողի կընկնեն» ու կսկսեն գրել ոչ թե միայն լատինատառ, այլ՝ լատինատառ մեծատառերով։ Հարցն այսպես չի լուծվի, լուծումը կլինի հիմնավոր միայն այն դեպքում, երբ օտար երկրների մեր հայրենակիցները ճնշեն իրենց մեջ անտեղի ամոթի անհիմն զգացումը և հեղափոխությունից հետո նոր նախարարներին որպես հեղինակություն վերաբերվելով՝ ականջալուր լինեն իրենց առաջարկներին ու մասնակիցը դառնան կազմած ծրագրերին ու դասընթացներին։ Այդպես, օրինակ, մեր զարմիկները կփրկվեն ռուսատառ հայերենից, քանի դեռ այն չեն սկսել կիրառել, քույրերն ու եղբայրները քսանհինգ-երեսուն տարեկանում վերջապես կսկսեն հայերեն կարդալ, ավելի լավ է ուշ, քան թե երբեք։ Կրթություն ստանալու ժամկետները պետք է իսպառ ջնջվեն մեր հասարակության միջից, և, վերափոխելով «դասականի» խոսքերը, ցմահ պետք է լինի կրթությունը։
Հրաշալի կլինի, եթե լատինատառի դեմ տառաճանաչության, ուղղագրության-ուղղախոսության դասերով պայքարենք՝ օգնելով մարդկանց ոչ թե լեզվական խնդիրը փակել, այլ՝ լուծել, լուծել հիմնավոր ու մեկընդմիշտ։ Հայերեն գրելը հաճելի է, գրագետ գրելն՝ էլ ավելի։
Սյունե Սևադա