Ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը՝ «Հայելի», «Սոլյարիս», «Անդրեյ Ռուբլյով», «Ստալկեր», և այլն, իսկական գեղարվեստական գլուխգործոցներ են: Նրա ներդրումը համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեջ անգնահատելի է: Տարկովսկին ժամանակը զգալու շնորհ ուներ: Ստորև ներկայացնենք նրա որոշ մտքեր, որոնք այնքան խորն են, որ դուք դեռ երկար կմնաք դրանց հզոր, հուզող ազդեցության տակ:
Փրկելով ինքդ քեզ՝ կարող ես փրկել բոլորին: Հոգևոր իմաստով, իհարկե: Ընդհանուր ջանքերն անպտուղ են:
Ուրախ հոգին, ի տարբերություն ծանրաքարշ և մռայլի, արդեն կիսով չափ փրկված է: Այնուամենայնիվ, հոռետեսությունն արվեստի հետ ոչ մի կապ չունի:
Յուրաքանչյուր ոք մանկությունից պետք է սովորի մենակ մնալ: Դա չի նշանակում՝ միայնակ լինել: Դա նշանակում է՝ չձանձրանալ ինքդ քեզ հետ:
Եթե աշխարհում ամեն բան կարգին է, այն ինքն իր հետ ներդաշնակ է, այն արվեստի կարիքը չունի: Կարելի է ասել, որ արվեստը գոյություն ունի միայն այն պատճառով, որ աշխարհը սխալ է կառուցված:
Ինձ թվում է, թե ես բավականաչափ չեմ սիրում ինձ: Նա, ով իրեն բավականաչափ չի սիրում, չգիտի իր ապրելու նպատակը, ըստ իս՝ չի կարող սիրել ուրիշներին:
Զրուցակցի հանդեպ իսկական հարգանքը գալիս է այն համոզմունքից, որ նա քեզնից հիմար չէ:
Երբ աշխարհը բաժան-բաժան է եղած պատերազմներով, հանկարծ երջանկության, ժամանակի փոփոխության հույս է արթնանում, և թեկուզ այդ հույսը խաբեություն է, բայց այն քեզ ապրելու և գեղեցիկը տեսնելու հնարավորություն է տալիս: Առանց հույսի մարդ չկա:
Տաղանդն Աստծո կողմից չի տրվում, այլ Աստծո հետ մարդը դատապարտված է կրելու տաղանդի խաչը, քանի որ նկարիչն էակ է, ով ձգտում է տիրապետել ճշմարտությանը վերջնակետում:
Սևահողի մեջ ադամանդ չես գտնի: Այն փնտրում են հրաբուխների մոտ:
Մարդը պետք է լողալով հասնի ծովի հակառակ ափը, այլապես կխեղդվի: Ծովային ջուրը չարն է, իսկ նավակն ու թիերը՝ բարին: Թիավարիր՝ որքան ուժ ունես, և կհասնես մյուս ափին: Կդադարես՝ կզոհվես: Մարդը վաղուց գոյություն ունի և մինչ այժմ կասկածում է ամենակարևորին` իր գոյության իմաստին: Ահա թե ինչն է տարօրինակ:
Ցանկացած արվեստ ձգտում է պարզության, արտահայտման եղանակի առավելագույն պարզ տարբերակի: Երբ պարզ ճշմարտությունը ստիպված ես լինում բացատրել բազմաթիվ բառերով, միշտ էլ տհաճ է: Այլ բան է լակոնիկ ձևի մեջ ասված համապարփակ միտքը: Լակոնիզմը միշտ չէ, որ պարզություն է նշանակում:
Երբ ուշադրություն եք դարձնում արհեստի հիմնական կողմերին, պետք է հիշեք, որ դրանք ձեզ տրված են ոչ այն բանի համար, որ դրանցից օգտվեք, այլ նրա համար, որ ունակ չլինեք դրանք քանդել: Դուք ձեր մասնագիտությունը միայն այդ իմաստով պիտի ուսումնասիրեք:
Ես չգիտեմ որևէ գլուխգործոց, որը որոշակի թույլ կողմեր չունենա, լիովին զերծ լինի անկատարությունից:
Բանն այն է, որ մենք ապրում ենք երևակայական աշխարհում, ինքներս ենք կերտում այն և այդ պատճառով էլ կախված ենք լինում նրա թերություններից, բայց կարող էինք կախված լինել նրա առավելություններից:
Ազատ լինելու համար պետք է պարզապես ազատ լինել՝ ոչ մեկի թույլտվությունը չհարցնելով:
Ինչպես ասել է Գյոթեն, եթե ուզում ես խելացի պատասխան ստանալ, խելացի հարց տուր:
Արևմուտքը գոռում է. «Այդ ես եմ, նայեք ինձ, լսեք, թե ինչպես եմ տառապում, սիրում, որքան դժբախտ եմ ես: Ես, իմ, իմը, ինձ…»: Արևելքը ոչ մի բառ ինքն իր մասին չի ասում: Աստծո, ժամանակի և բնության մեջ լիովին տարրալուծված է: Ամեն ինչի մեջ է գտնում ինքն իրեն և իր մեջ պահում ամեն ինչ:
Սխալ է խոսել այն մասին, որ նկարիչը փնտրում է իր թեման: Թեման նրա մեջ հասունանում է պտղի նման և սկսում պահանջել իր արտահայտությունը: Դա ծննդաբերության է նման: Բանաստեղծը պարծենալու բան չունի. Նա իրավիճակի տերը չէ, այլ ծառան: Ստեղծագործելը նրա համար գոյության միակ ձևն է, և նրա յուրաքանչյուր ստեղծագործություն համահունչ է արարքին, որն իր կամքով փոխել չի կարող:
Մեր բարդ կյանքը, յուրաքանչյուրիս համար որոշակի դեր սահմանելով, մեզ դնում է պայմանների մեջ, որոնց շնորհիվ զարգանում են մեր հոգու միայն այն գծերը, որոնք մեզ օգնում են զարգանալ այդ դերում: Հոգու մնացած հատվածը մեռնում է: Այստեղից էլ՝ կոնտակտի չգնալը, չմերձենալը: Այստեղ հոգեբանությունը՝ սոցիոլոգիայի հետ միասին, ծնում է վախ, անհավատություն, ստորություն և հույսերի կործանում:
Մենք խաչված ենք մի հարթության մեջ, իսկ աշխարհը բազմաչափ է: Մենք դա զգում ենք և տառապում ճշմարտությունը ճանաչելու անհնարինությունից: Իսկ իմանալ ամենևին էլ պետք չէ. Պետք է սիրել և հավատալ: Հավատն իմացություն է՝ սիրո օգնությամբ: Արվեստը մեզ տալիս է այդ հավատը և մեզ լցնում սեփական արժանապատվության զգացումով: Այն մարդկության արյան մեջ չհանձնվելու, դիմադրելու յուրատեսակ ռեակտիվ է ներարկում: Մարդուն լույս է պետք: Արվեստը նրան լույս է տալիս, հավատ ապագայի, հեռանկարի նկատմամբ:
Ինձ արդեն շատ տարիներ տանջում է այն վստահությունը, որ ամենաանհավանական բացահայտումները մարդուն սպասում են Ժամանակի ոլորտում: Մենք շատ քիչ բան գիտենք Ժամանակի մասին: Վստահ եմ, որ Ժամանակը կարելի է հետ բերել: Համենայն դեպս, ոչ ուղղակիորեն:
Շատ դժվար է ոչ մեկին պիտանի չլինել, կամ, երբ քեզ հիշում են անկարևոր բաների դեպքում: Ուզում ես, իհարկե, ամբողջությամբ լցնել ինչ-որ մեկի կյանքը: Իմ հոգու համար նեղվածք է իմ ներսում. Ինձ ուրիշ տարածք է պետք:
Ճշմարտությունն ինքնին գոյություն չունի. Այն մեթոդի մեջ է: Նա ճանապարհին է:
Ինքդ քո նկատմամբ հետաքրքրությունը, սեփական հոգու համար պայքարը մարդուց պահանջում է հսկայական վճռականություն և ջանքեր:
Անկախ քո բուռն ցանկությունից՝ մի մարդու կողմից մյուսի հպատակեցումը պարզապես հնարավոր չէ:
Երբ քո առաջ իսկապես խոշոր անհատականություն է, նրան ընդունում ես՝ իր բոլոր թուլություններով, որոնք, ի դեպ, անմիջապես փոխակերպվում են նրա գեղագիտության առանձնահատկությունների:
Արվեստը հռետորական չպետք է լինի, չպետք է դաս տա: Այդ պատճառով էլ ավելի տհաճ բան չկա, քան այն մարդը, ով ուրիշին անընդհատ դաս է տալիս:
Մենք բոլորս էլ կամ թերագնահատում, կամ էլ, ընդհակառակը, գերագնահատում ենք մեկս մյուսի առավելությունները: Շատ քչերը կարող են ըստ արժանիքների գնահատել միմյանց: Դա տաղանդ է, նույնիսկ ավելին, դրան ունակ են միայն մեծագույն մարդիկ:
Ծիծաղելի լինել՝ չի նշանակում՝ ծիծաղեցնել: Կարեկցանք հարուցել՝ չի նշանակում՝ հանդիսատեսից արցունքներ քամել:
Հազարավոր մարդկանց կողմից կարդացված գիրքն իրենից 1000 տարբեր գրքեր է ներկայացնում: