Հասկանալի էր՝ Հայաստանում «բռնկված» հեղափոխության բոլոր ճանապարհները «տանելու» էին Ղարաբաղ։ Այս պահին անգամ անկարևոր է հարցը՝ հենց ա՞յս ժամկետներն էին նախանշված Ղարաբաղի «ճանապարհային քարտեզի» համար, թե՞ որոշակի «տարընթերցում» է տեղի ունեցել ներքին և արտաքին խաղացողների միջև։ Փաստն արդեն կայացել է, և հետին թվով մանանեխը ոչ մեկի քիմքով չէ այլևս։ Չնայած նաև այն կարծիքին ենք, որ Ղարաբաղում մի քիչ շուտ սկսվեց «պլանավորվածը», ինչն է՛լ ավելի բարդ է դարձնում խաղը, նաև ծանր՝ հետևանքների առումով։
Փորձենք հասկանալ, այնուհանդերձ, ինչ է կատարվում Ղարաբաղում այս պահին, չնայած իրավիճակն այնտեղ փոխվում է նույն արագությամբ, ինչ Հայաստանում էր, և, մինչ լույս կտեսնի այս վերլուծականը, հնարավոր է՝ բոլորովին նոր վիճակ ստեղծվի. նաև այն կարծիքին ենք, որ Ղարաբաղի դեպքում կիրառվում է «հետ-առաջի» քաղտեխնոլոգիան, խաղի մեջ եղողները ղարաբաղյան դիմակայության «նյարդն» են դեռևս ստուգում, առաջ են գալիս մի քիչ, դիտարկում արցախյան ու հայաստանյան «ռեակցիաները», հետո «հետ» են գնում ու հետո էլի առաջ են գալիս։ ՈՒ այդ բոլորը, բնականաբար, ժողովրդավարության «անունից» ու «համար»։
Ովքեր են իրական շահառուները երևացող ու չերևացող մակարդակներում։ ԱԱԾ-ի «կենցաղային» դեպքն ընդամենը շիրմա է՝ պահանջելու ուժայինների, իրականում՝ Բակո Սահակյանի հրաժարականը, ստեղծելու ղեկավարելի քաոս և այն էլ Նախիջևանում տեղի ունեցող դիրքերի և տեխնիկայի առաջխաղացման ֆոնին։ Հասկանալի է՝ լուրջ ծրագիր է իրականացվում ոչ միայն ներքին, այլև առաջին հերթին, արտքաղաքական խաղացողների կողմից. նրանք բոլորը վերադասավորվում են։
Ներքին խաղացողներից ակնառուն Զարուհի Փոստանջյանն է, որը կապվում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի անվան հետ։ Վերջինս, ըստ ռուսական մեր աղբյուրների, ռուսական հրեական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող գործարար է, և այս պարագայում համարել, որ Փոստանջյանի դեմքով «բզբզում» է բացառապես Ռուսաստանը, մի քիչ դժվար կլինի, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ «բզբզիկ» տիկնոջ հարաբերություններն այդ խաղում լուրջ շահառու «Սասնա ծռերի» հետ նույնպես խիստ ակտիվ են։
Տեսակետ կա, որ այս պահին խաղում շահառու չեն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։ Նախ՝ այդ թիմը մի քանի շերտ ունի, և կարծում ենք՝ ինչ-որ պահից սկսած աղջիկ-տղերքով կսկսեն նստոտել փողոցներում ու իրենց «ազատության» արցախյան բաժինը վայելել։ Այնուհանդերձ, մինչ նյութը գրելու պահը, Նիկոլ Փաշինյանը չի դրսևորել որևէ մոտեցում կարևորագույն այս խնդրի առնչությամբ։ Լուռ են նաև մնացյալ գերկարևոր շահառուները, բացի առաջին նախագահից։
Այո, ինչպես միշտ, անչափ խորքային, տեղ-տեղ «շամանային» էր Լևոն Տեր-Պետրոսյանի տագնապը։ Նրա «փոքրիկ տեքստը» երկու բաղկացուցիչ ուներ. իրական տագնապ ու մտահոգություն Արցախի համար և նրա «շուրջ» տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Եվ հզոր «ներհայացք» Փաշինյանին, որն այս պահին ուղղակի պատային վիճակում է. ասել, թե չի կարելի Ղարաբաղում անել այն, ինչն ինքն արեց Հայաստանի գլխին, Փաշինյանը չի կարող, կմեղադրվի երկակի, եռակի, քառակի ստանդարտների մեջ, կոչ չանել, որ պետք է դադարեցնել Ղարաբաղում անհնազանդության շարժումները, նույնպես չի կարող, որովհետև իրավիճակը, նախ, անվերահսկելի է դառնում նաև Ղարաբաղում, իսկ Հայաստանում նա գրեթե ոչ մի հարց առ այս պահը չի լուծել, առաջիկա օրերին էլ քթի տակ է ծրագրի ընդունումը խորհրդարանի կողմից, իսկ քաղաքական ուժերից ոչ մեկի հետ, անգամ նրանց, որոնք իր հետ կառավարությունն են վայելում, նա չունի կոնսենսուս ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քաղաքական հարցերում։
Իսկ «շաման», խոսքի ու մտքի «կախարդ» Տեր-Պետրոսյանը նրան առաջարկում է անհնարինը՝ շատ լավ հասկանալով, որ դա ոչ միայն Փաշինյանի «հագով» չէ, այլև սրտով ու նաև ոգով. Տեր-Պետրոսյանն առաջարկում է ցայսօր մեն-մենակ, միայն «շահառուների» հետ խաղացող Փաշինյանին Արցախի հարցում համագործակցել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի և իհարկե իր՝ Փաշինյանի երբեմնի հոգևոր հոր հետ, ինչը փոքր-ինչ աբսուրդի ոլորտից է։
Բոլոր դեպքերում, Արցախում տեղի ունեցողն իսկապես մտահոգության լուրջ շերտեր ունի, նաև արտաքին խաղացողների, առաջին հերթին Թուրքիա-Ռուսաստան տանդեմի մասով։ Խաղի մեջ է նաև Մեծ Բրիտանիան, որն անչափ ակտիվացել է այս փուլում ու առաջ անցել Հայաստանի «կուրատոր» Ֆրանսիայից։ Իսկ ԱՄՆ-ը, որի նախագահ Թրամփը կանխատեսում էր երկամսյա ժամանակ՝ Ղարաբաղի հարցի լուծման համար, այս խաղում լրջագույն շահառուներց մեկն է դարձել։
Ի՞նչ կլինի։
Մեր հույսն Աստված է։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ