Արթուր Դանիելյանի հրապարակումը.
Իշխանափոխություն անելու համար Փաշինյանն ընդամենը մեկ քայլ պիտի աներ: Մայսի 8-ի քվեարկությունից առաջ նա պետք է ինքնաբացարկ ներկայացներ: 40 օր հետո կայանալիք արտահերթ ընտրություններում էյֆորիայի դոզայի պիկին գտնվող բնակչությունը հաղթանակ կապահովեր Փաշինյանի առաջնորդած կուսակցությանը անկախ նրանից, ինչ կեղծիքների կդիմեին հակառակորդները: Մի 75% հավաքելու էր, անկախ ամեն ինչից: Ընդամենը պետք էր ինքնաբացարկի մասին հայտնել ու 4-5 շաբաթանոց քարոզարշավ անցկացնել, որի ընթացքում նա չէր ստանձնի պատասխանատվություն առօրյա կառավարման համար՝ փոխարենը վայելելով փրկչի տիտղոսը: Դուշանբեն, Այբ-ը, Նորատուսցի Ալիկը, ԱԱԾ-ի չբացահայտումները և լիքը այլ խնդրահարույց թեմաներ իրեն չէին կպնի այդ դեպքում:
Ինչևէ, նա այդ քայլին չդիմեց և իշխանափոխություն բառը իր լեքսիկոնում նախընտրեց փոխարինել «հեղափոխությամբ»: Հեղափոխությունն էլ դե շատ ավելի լայն ու սուբյեկտիվ հասկացություն է: Մի մարդու համար ՀՆԱ-ի քառապատկումն է հեղափոխություն, մյուսի համար՝ բանանի գինը: Ոչ մեկ չի կարա ասի, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, որովհետև ոչ մեկ չգիտի Փաշինյանն ինչ նկատի ունի դրա տակ: Հեղափոխությունը քաղաքական իրողության նման բան է, այն շատ հարաբերական է: Մինչդեռ տեղի չունեցած իշխանափոխությունը, որպես կայացած փաստ արձանագրելը, շատ ավելի դժվար է, իսկ մտածող մարդկանց շրջանակներում նման բան արձանագրելը անհնարին էր, հաշվի առնելով, որ Փաշինյանին առաջադրել է Ծառուկյանն, իսկ կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանը: Իշխանափոխությունը հնարավոր է միայն արտահերթ ընտրությունների միջոցով: Հիմա ներկայացնեմ արտահերթ ընտրություններին հասնելու իմ իմացած տարբերակները:
– Կառավարությունը ներկայացնում է ծրագիր, որին դեմ է քվեարկում Ազգային Ժողովը:
– Փաշինյանը հրաժարական է տալիս և երկու անգամ տապալվում է հաջորդ վարչապետի ընտրությունը ԱԺ-ում:
– Փաշինյանը սահմանադրական փոփոխություն է նախաձեռնում, որի համար հավաքում է ԱԺ-ի քվեներին 66%-ը
– Փաշինյանը հավաքում է 200 հազար ստորագրություն սահմանադրությունը փոխելու պահանջով ու նորից մտնում է ԱԺ, որտեղ իրեն էլի 66% քվե է պետք:
– Սպասել մեկ տարի ու անվստահություն «ստանալ» ԱԺ-ից
Հիմա ես չեմ, դուք եք, մի հատ գնահատեք։ Ինչքանո՞վ է իրատեսական այս հինգ տարբերակից որևէ մեկը: Այնուհետև փորձեք պատասխանել, թե ինչու Փաշինյանն ինքնաբացարկի չդիմեց մայիսի 8-ին: Ինչո՞ւ նա չգնաց գիտակցված և գրեթե երաշխավորված իշխանափոխության՝ նախընտրելով ավելի երկար ու շատ ավելի մշուշոտ տարբերակը: Ճանապարհ, որը նրան կստիպի կուտակայինի հարց մարսել, Ծռերի դատավճիռ մարսել, բյուջեի սեկվեստր մարսել, լիքը մարդ նեղացնել ու մարսել, աշխարհաքաղաքական կիլիդմի կենտրոնում հայտնվել ու հետո նոր փորձել գնալ արտահերթ ընտրության՝ այս հինգ անիրատեսական տարբերակներից մեկով: Իրա ինչի՞ն էր պետք…
Հ.Գ. ես իհարկե իմ պատասխաններն ունեմ, բայց էս անգամ չեմ գրի: Զուտ հարցեր եմ գրել։ Մեկդ փորձեք հստակ տրամաբանական պատասխան գտնել, որը չի պարունակի կոնսպիրոլոգիա: