Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայերեն սովորող բուլղար ուսանողների հետ
Advertisement 1000 x 90

Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայերեն սովորող բուլղար ուսանողների հետ

Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հրավերով հունիսի 7-ին դեսպանություն այցելեցին Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի» պետական համալսարանի «Հայագիտություն և կովկասագիտություն» բաժնի մի շարք ուսանողներ և դասախոսներ: Սա արդեն ավանդական դարձած երկրորդ հանդիպումն է նման ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պատասխաններ ստանալ իրենց հուզող հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Սարգսյանը հյուրերին ներկայացրեց դեսպանության գործունեության որոշ ուղղություններ, խոսեց հայ-բուլղարական հարաբերությունների, կրթության և մշակույթի բնագավառում երկկողմ համագործակցության մասին: Անդրադարձ կատարեց այս տարի փետրվարին Բուլղարիայի նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի որոշ մանրամասներին: Դեսպանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց աշխարհի բազմաթիվ երկրներում բնակվող հայերի և Հայրենիքի միջև կապերի ամրապնդման հրամայականին, մայրենի լեզվի պահպանման և դասավանդման գործում առկա դժվարություններին և խնդիրներին:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ դեսպան Սարգսյանը խոստացավ հնարավորինս նպաստել Բուլղարիայում հայագիտության զարգացմանը, աջակցել ՀՀ կառավարության տարբեր ծրագրերի և միջոցառումների շրջանակներում բուլղար ուսանողների Հայաստան ճանաչողական այցերի և հայոց լեզվի դասընթացների մասնակցությանը:

Դեսպանն առաջարկեց ստեղծել գործընկերային կապեր Սոֆիայի համալսարանի և Երևանի համալսարաններից մեկի միջև՝ երկարաժամկետ համագործակցություն հաստատելու և մշտական ուսանողական փոխանակումներ իրականացնելու նպատակով:

Ներկայում Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանում հայերեն են սովորում 11 ուսանող, որոնցից յոթն ազգությամբ բուլղարներ են, երկուսը՝ հայեր, մեկը՝ թուրք:



Նման նյութեր