Երաժշտական ռոք ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խումբն իր երկրպագուների դատին է հանձնել անգլալեզու «Light my fire» երգի հիման վրա նկարահանված հետաքրքրաշարժ հոլովակը:
«Երբ գործիքավորող Աշոտ Պետրոսյանն ուղարկեց երգը, շատ հավանեցինք այն ու որոշեցինք դրա հիման վրա խմբի նախորդ գործերից տարբերվող հոլովակ ստանալ»,-«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում նշեց «ԴԵՏՔ»-ի պրոդյուսեր Արման Ամպը:
Նրա խոսքով` տեսահոլովակում ներկայացվում է մի պատմություն, որը հնարավորություն է տալիս բացահայտել խմբի անդամների` Արման Պետրոսյանի, Վահան Կիրակոսյանի և Միքայել Մելքումյանի դերասանական հնարավորությունները:
Հոլովակում տղաները հայտնվում են բարդ իրավիճակում: Մի աղջիկ միաժամանակ սեթևեթում է նրանցից յուրաքանչյուրի հետ: Հոլովակը կունենա շարունակություն:
Արման Ամպն ասաց, որ հոլովակում նկարահանված դերասանուհին ինդոնեզացի է: Հենց նրան են ընտրել, քանի որ աղջիկն անծանոթ է շատերին և նոր երանգ է բերում:
Պրոդյուսերը շեշտեց, որ յուրաքանչյուր նոր երգի վրա աշխատելիս մեծ ուշադրություն են դարձնում ձայնին, հնչողությանը և անում ամեն հնարավորը բարձրորակ աշխատանք ստանալու համար, որը չի զիջի միջազգային չափանիշներին:
«Light my fire» երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Արման Պետրոսյանն է, բառերը գրել է խմբի անդամ Վահան Կիրակոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը և պրոդյուսերն Արման Ամպն է, օպերատորը` Կարեն Գալստյանը:
Անժելա Համբարձումյան