Հայ ազգային խոհանոցի առանձնահատկությունները մատնանշելու, այն արժևորելու նպատակով հունիսի 12-ին Հայաստանում նշվում է հայ խոհարարի մասնագիտական տոնը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Մեր կազմակերպությունը ՀՀ նախկին իշխանություններին դիմել էր այս տոնը օրենքով ամրագրելու համար, սակայն երկրում փոփոխություններ տեղի ունեցան, ուստի տոնն օրենսդրությամբ դեռ չի հաստատվել, բայց մենք կրկին կդիմենք»,- նշեց Մամուլյանը:
Նրա խոսքով` իրենց կազմակերպության գերագույն նպատակը խոհանոցի հանդեպ վերաբերմունքի փոփոխման գործընթաց սկսելն է: «Ցավոք, մեր ազգային խոհանոցի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չի եղել: Մենք ցանկանում ենք բարձրաձայնել խնդիրներ` կապված հայկական խոհանոցը ճանաչելի դարձնելու, ինչու չէ նաև հարդարելու և հասարակությանը ներկայացնելու հետ»,-ընդգծեց Մամուլյանը:
Արտահայտելով հայկական խոհանոցին վերաբերող մտահոգությունները` Մամուլյանն ասաց, որ ամեն անգամ, երբ խոսվում է հայ մշակույթի մասին, անդրադարձ է կատարվում դրա բոլոր ճյուղերին, բայց մոռացվում է խոհանոցը, իսկ այն ժամանակ, երբ միջազգային հարթակում ոտնձգություն է կատարվում հայկական այս կամ այն ուտեստի նկատմամբ, նոր հիշում ենք, որ խոհանոց ունենք, որը պահել է պետք:
«Երբ հարցը վերաբերում է խոհանոցին, մենք այն ներկայացնում ենք որպես կովկասյան, այնինչ նույնը չենք ասում հայ ճարտարապետության, երաժշտության մասին: Իհարկե, մեր խոհանոցը նման է կովկասյանին, կան փոխառումներ, բայց ամբողջը կովկասյան համարելն ու ընդհանրացնելը խոհարարական իմաստով անգրագիտություն է: Այս տոնի միջոցով հարցեր բարձրաձայնելով` ցանկանում ենք մեծացնել այն հմայքը, որն ունի հայկական խոհանոցը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-եզրափակեց Սեդրակ Մամուլյանը: