Նա կինոյի ասպարեզ մուտք գործելու մտադրություն բացարձակ չուներ. կինոյում պատահաբար հայտնվեց: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում, ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, սակայն կինոն, ի վերջո, գերեց երիտասարդ Գեդիգյանին: Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը կրկին Հայաստանում է. առիթը նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության ծրագիրն է, որն անցկացվում է Երևանի «Մոսկվա» և Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոններում: Այս տարի Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում ներգրավված Ռոբեր Գեդիգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է կինոփառատոնի, մրցանակներ հանձնելու ու ստանալու դժվարությունների, քաղաքականության և կինոյի նմանության, տիկնոջ՝ մուսա Արիան Ասկարիդի մասին:
Կաննի կինոփառատոնում ժյուրիի անդամ լինելու մասին
Մեծ հաջողություն էր, որ Կաննի փառատոնի ժյուրիի անդամ էի դարձել: Այն աշխարհի ամենամեծ փառատոններից մեկն է: Եվ ծանր պարտավորություն է ժյուրիի անդամ լինելը, որովհետև10 ֆիլմերից պետք է ընտրես լավագույնը: Մեծ պատասխանատվություն է, պարտավորված ես քեզ զգում: Նաև` մեծ պատիվ է:
Փառատոնների մասնակից և ժյուրիի անդամ
Պետք է խոստովանեմ, որ ավելի դժվար է մրցանակ հանձնել, քան ստանալ: Շատ հաճելի է, երբ տեսնում ես ինչ-որ մեկի ժպիտը, հուզմունքը: Երբ մրցանակ ես տալիս, մրցակցության զգացողություն չես ունենում, բայց երբ մրցանակ ես ստանում, ամեն ինչ այլ է:
Հետահայաց ցուցադրությունների ծրագիր
Երբ Հայաստանում տարիներ առաջ վերաբացվեց «Մոսկվա» կինոթատրոնը, սկսեցինք համագործակցել կինոթատրոնի հետ և ժամանակ առ ժամանակ կազմակերպել հետահայաց ցուցադրություններ: Այս անգամ ընտրել ենք ֆիլմեր, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ, ինչպես «Ճամփորդություն դեպի Հայաստան», «Մի խելագարի պատմություն» կինոնկարները և այլն: Մյուս ֆիլմերն էլ ֆրանսիական ֆիլմեր են:
Կինոյի նկատմամբ սեր
Ես ավելի շուտ պատկերացնում էի, որ դասախոս կլինեմ կամ հետազոտող: Շատ երիտասարդ էի, հանդիպեցի մի կինոգործչի, ով արդեն շատ ֆիլմեր էր նկարել (հեղ.- կինոռեժիսոր Ռենե Ֆերեին): Նա ինձ առաջարկեց իր հետ սցենար գրել: Չգիտեմ` ինչու ինձ ընտրեց: Չգիտեմ` որտեղից առաջացավ այդ գաղափարը: Հենց գրեցի, որոշեցի, որ ինքս ինձ համար էլ սցենար պետք է գրեմ:
Ռեժիսորի մուսան` Արիան Ասկարիդը
Իմ կինը դեռևս մանկուց թատերական գործունեությամբ է զբաղվել, նրա հայրն էլ թատրոնի սիրահար էր: Արիանը սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, վերջինս թատերական աշխարհի ամենամեծ հաստատություններից է: Մենք երկուսս Մարսելից ենք: Երբ նա Փարիզ էր գնում, ես ուղեկցում էի նրան: Արիանի միջոցով ծանոթացա հենց այդ կինոգործչի հետ, ով ինձ առաջարկեց սցենար գրել: Եթե չհանդիպեի Արիանին, չէի հանդիպեցի այդ մարդուն և ընդհակառակը:
Քաղաքականությամբ զբաղվելու մասին
Քաղաքականությունը խոսելու, արտահայտվելու հնարավորություն է տալիս: Ես էլ ցանկացա կինոյի միջոցով արտահայտվել: Ինձ համար կինո նկարելը նման է քաղաքականությամբ զբաղվելուն : Երկուսն էլ միջամտություններ են` կապված առօրյա կյանքի հետ: Հուզմունք, լաց, ծիծաղ. ամեն ինչ արտահայտված է այստեղ:
Հայաստանն ու հայկական արմատները
Ես վաղուց գիտեի, որ հայ եմ, մեծ մայրիկս ու հայրիկս հայեր էին: Բայց պետք է ասեմ, որ նաև Հայաստանը բացահայտեցի անուղղակի ձևով, քանի որ Մարսելում ընկերներ ունեմ: Ընտանիքս Ֆրանսիա է գաղթել Սեբաստիայից: Պապիկս սովորել է Ֆրանսիայում: Նա Ցեղասպանությունից առաջ էր այնտեղ տեղափոխվել: Ցեղասպանությունից հետո տատիկս մազապուրծ եկավ այնտեղ. պապիկս հոգևորական էր ցանկանում դառնալ, բայց տեսավ տատիկիս և սիրահարվեց:
«Գեդիգյան» ազգանունը
Ինձ ասել են, որ «Գեդիգյան» թուրքերենից նշանակում է ճեղք, ճեղքվածք: Չգիտեմ` ճիշտ է, թե ոչ: Բայց ինձ դուր է գալիս:
Տարիներ շարունակ նույն թիմի հետ
Ես տարիներ շարունակ աշխատում եմ նույն թիմի հետ: Այլ դերասանների հետ չեմ աշխատում: Առաջին ֆիլմը նկարահանել եմ 26 տարեկանում, իմ ընկեր դերասանները հասակակիցներս էին: Նոյեմբերին նոր ֆիլմ եմ նկարահանելու՝ նորից նույն թիմով, նույն դերասաններով: Ես այդ կերպ եմ աշխատում, իմ աշխատանքի առանձնահատկությունն է: Ոլորտում նման մարդ չեմ ճանաչում, ով մշտապես նույն թիմի հետ է աշխատում: Շատ դերասաններ առաջարկել են ինձ հետ աշխատել: Շատ քիչ բացառություններ եմ արել, օրինակ, ֆրանսիական կինեմատոգրաֆի մեծագույն դեմքերից Միշել Բուքեի հետ եմ աշխատել, նաև Հայաստանում որոշ հայ դերասանների հետ:
Նոր ֆիլմեր
Դեկտեմբերին նոր ֆիլմ ներկայացրեցի, մեծ հաջողություն ունեցավ, մեկ ամսից այն կտեսնեք «Ոսկե ծիրան»-ին: Կոչվում է «Առանձնատունը», չգիտեմ` Հայաստանում ինչպես կթարգմանվի: Մյուս նոր ֆիլմը նոյեմբերին կներկայացվի Մարսելում, ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց մասին է, լուրջ ֆիլմ է:
Հ.Գ.
«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի, մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի