Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կառավարության վերջին շրջանի քայլերի համադրումը խոսում է մի բանի մասին՝ երկրի ղեկավարը սուպերվարչապետի լիազորությունները հետևողականորեն օգտագործում է իր կաբինետի հիմնական ծրագրային առաջնահերթության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս արագ նախապատրաստման և այդ ճանապարհին եղած ավանդական խոչնդոտների հաղթահարման համար:
Մի բան հստակ է. Փաշինյանի կաբինետի նպատակը այնպիսի ընտրությունների կազմակերպումն է, որը կձևավորի բացարձակապես օրինակարգ իշխանություն: Սա նշանակում է, որ չպետք է լինեն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, ընտրողների վրա բռնաճնշումներ, ընտրությունների արդյունքները պետք է լինեն ընդունելի և անվիճարկելի թե ներքին և թե արտաքին հասցեատերերի ու շահառուների կողմից: Թերևս այս նպատակին են ուղղված քաղբանտարկյալների ազատ արձակումը, «Բարեգործության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, տնտեսական մենաշնորհների հաղթահարման, հակակոռուպցիոն և հակաստվերային կոշտ գործողությունները, կադրային և ինստիտուցիոնալ օրիգինալ լուծումները:
Ու թվում է, թե այս ամենը իրար հետ կապ չունեցող զարգացումներ են: Իրականում, սակայն, այդ քայլերից յուրաքանչյուրը ամբողջացնում և հասունացնում են այն միջավայրը, որտեղ բալանսավորվելու է ներկա ու ապագա քաղաքական խաղորդների նախընտրական վարքագիծը, իսկ այդ ամենի արդյունքը լինելու է բացարձակ լեգիտիմ իշխանությունը»: