Երկու օրն էլ բավարար էր հանգստանալու համար. ինչպես է Վարդան Արամյանը հարմարվել նոր աշխատանքին… aysor.am
Advertisement 1000 x 90

Երկու օրն էլ բավարար էր հանգստանալու համար. ինչպես է Վարդան Արամյանը հարմարվել նոր աշխատանքին… aysor.am

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն առաջին պաշտոնյան էր, ով հեղափոխությունից անմիջապես հետո պաշտոն ստացավ՝ «Վալեքս գրուպ» ընկերության ֆինանսական տնօրեն։

Ընդամենը երկու օր է հասցրել հանգստանալ, այդ ընթացքում կարգավորելով CV-ները, ապա սկսել է քննարկել բոլոր առաջարկները, որոնք եղել են իր՝ աշխատանքից դուրս գալուց անմիջապես հետո։

«Հանգստանալու համար այդ երկու օրը լիովին բավարար էր», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Արամյանը։

Նա չկարողացավ պատասխանել, թե ինչով է պայմանավորված իրեն այդպես շուտ աշխատանքի առաջարկ անելը, սակայն հստակեցրեց. «Մի բան հաստատ է, պարապությունը տանել չեմ կարողանում, ինչ-որ մի բանով պետք է զբաղվեմ, մի արդյունք պետք է ստեղծեմ, որից հաճույք ստանամ»։

Եթե աշխատանքի առաջարկներ չլինեին էլ, Վարդան Արամյանն ասում է՝ ինքը կփնտրեր աշխատանք։

Նոր կառավարության կազմում, հիշեցնենք, Վարդան Արամյանի տեղակալները՝ ֆինանսների փոխնախարարներ Ատոմ Ջանջուղազյանը և Դավիթ Անանյանը, նշանակվեցին բարձր պաշտոնների` Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախարարն է, Դավիթ Անանյանը՝ պետական եկամուտների կոմիտեի նախագահը։

Վարդան Արամյանը հպարտ է այդ նշանակումներով.

«Իմ պաշտոնավարման ընթացքում ես միշտ հպարտացել եմ իմ թիմակիցներով, նրանք պրոֆեսիոնալներ են։ Դավիթ Անանյանը մի մարդ է, որը շատ լավ տիրապետում է և՛ պետական ֆինանսների կառավարմանը, և՛ հանրային ֆինանսներին, նա երկար ժամանակ եղել է Համաշխարհային բանկի փորձագետ, իսկ հարկային քաղաքականության մասին նույնիսկ չեմ ուզում ասել, որովհետև նա տարբեր երկրներում հանդես է եկել որպես ՀԲ-ի կողմից վարձած փորձագետ՝ հարկային քաղաքականության մասով։ Ատոմ Ջանջուղազյանը բավական երկար տարիներ ներդրումներ ունի պետական ֆինանսների կայացման գործում։ Այս մարդկանց միայն կենսագրությունը և արժեքները հաշվի առնելով, նույնիսկ պետք էր փորձել համոզել, որպեսզի իրենց ներուժը ներդնեին պետական քաղաքականության մեջ։ Վստահ եմ, նրանք այն պաշտոնյաներն են, որ կարճ ժամանակահատվածում կարող էին աշխատանք գտնել մասնավոր հատվածում»։

Նախկին նախարարը չի հրաժարվի նաև իր խորհրդով օգնել նորանշանակ պաշտոնյաներին.

«Իմ գնալուց առաջ էլ եմ ասել այդ մասին։ Եթե որևէ մեկն ի շահ երկրի իմ խորհրդի կարիքն ունենա և ցանկանա ինչ-որ բան քննարկել, ես պատրաստ եմ սիրով քննարկել` անկախ նրանից, թե տվյալ պաշտոնյան որ թևին է պատկանում»։

Այլ կոնտրակտներ էլ ունի նախկին նախարարը. Համաշխարհային բանկն իրեն վարձակալել է, որպեսզի հունիսի վերջին Տաշքենդում՝ պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ոլորտում հանդես գա որպես փորձագետ։ Սա՝ կարճաժամկետ։

«Տարբեր երկրներ կարող եմ այցելել այդպիսի կարճաժամկետ կոնտրակտներով, բայց իմ հիմնական շահերի կենտրոնը լինելու է Հայաստանը», – ասաց Արամյանը։

Ինչ վերաբերում է նոր աշխատանքին, ապա այստեղ ևս հեշտ է հարմարվել նախկին նախարարը։

«Պետք է դրվատանքի խոսքեր ասեմ` «Վալեքս» գրուպում աշխատում են բավական լավ մասնագետներ, միշտ էլ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդկանց հետ հեշտ է աշխատելը», – եզրափակեց Վարդան Արամյանը։

aysor.am



Նման նյութեր