Թավշյա հեղափոխությունից հետո «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմեն Մինասյանը հրաժարական տվեց: Իսկ Նիկոլ Փաշինյանը ՊՈԱԿ-ի ղեկավար նշանակեց իր շարժումը ակտիվորեն լուսաբանած «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանին: ՊՈԱԿ-ի աշխատակից Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ արդեն տեղեկացրել էի, որ աշխատանքից ազատման դիմում եմ գրել ու սպասում եմ մակագրմանը։ Խոստացել էի մանրամասներ։ Ահա…
Հայաստանում իշխանափոխությունից հետո մեր ՊՈԱԿ-ի ղեկավարությունն ու հիմնական թիմը դուրս եկավ։ Ես ու մի շարք գործընկերներ մնացինք, քանի որ իմ ու շատերի կողմից հարգված արդեն նախկին ղեկավար Արմեն Մինասյանը հորդորեց մնալ՝ պնդելով, որ մեր գործն ի նպաստ պետության և պետական շահի է ու քաղաքական քամիները չպետք է ազդեն դրա վրա։
Հետևելով այս խորհրդին՝ ես որոշեցի մնալ ու շարունակել աշխատել։ Մեծ էին հույսերս, երբ իմացա, որ նոր ղեկավար է նշանակվել Հովհաննես Մովսիսյանը, իսկ տեղակալ Նարեկ Ադամյանը։ Ճանաչելով նրանց՝ վստահ էի, որ կլինի լիակատար փոխըմբռնում ու հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ։ Առաջ անցնելով ասեմ, որ այդպես էլ կար։ Ինքս պատրաստակամ էի նոր թիմի հետ ի նպաստ պետության ճանապարհ անցնել։
Բայց օրերս Հովհաննեսի ընկերը՝ մեր գործընկերներից մեկը, անպատասխանատու կերպով փաստացի մեղադրանք էր հնչեցրել իմ նախկին և ներկա գործընկերների հասցեին, ինչն ինձ համար անընդունելի էր։ Երկու օր շարունակ ես պահանջում էի, որ մեր նոր ղեկավարությունը խոստովանի, որ մեղադրանքն անհիմն է։ Ըստ էության համաձայնվելով, որ դա այդպես է, իմ կողմից շատ հարգված նոր և արդեն նախկին գործընկերները հրաժարվեցին դա անել հրապարակավ։
Համարելով, որ գործ ունեմ արժեքային տարբեր կողմնորոշիչների, սիրո և համերաշխության տարբեր ընկալումների, մարդկային և գործնական հարաբերությունների տարբերակման չափորոշիչների անհամատեղելիության հետ՝ որոշեցի, որ այլևս անելիք չունեմ ՊՈԱԿ-ում։
Հույս ունեմ ու վստահ եմ, որ առանց ինձ էլ մեր կառույցը իր համեստ նպաստը կբերի բոլորիս երազած Հայաստանի կառուցման գործին։ Հույս ունեմ, բայց վստահ չեմ, որ դա կհաջողվի անել՝ առանց մարդկային հարաբերությունները վնասելու։
Հ.Գ. Ինչպես միշտ, այսօր և վաղն էլ ինձ համար առաջնային է մարդկային արժեքը, մարդը և պետությունը։
Հ.Գ.Գ. Փնտրում եմ լավ աշխատանք»։