Ստյոպա Սաֆարյան. «Մի կողմ թողնենք լրատվամիջոցներում դեսպանի խոսքերի աղավաղումը. իրականում բովանդակության մեջ ավելի հետաքրքիր բան կա»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Մի կողմ թողնենք լրատվամիջոցներում դեսպանի խոսքերի աղավաղումը. իրականում բովանդակության մեջ ավելի հետաքրքիր բան կա»

Մենք երեկ ներկայացրել էինք Գերմանիայի դեսպանի հերքումն, առ այն, որ որոշ լրատվամիջոցներ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ դեսպան Մաթիաս Քիսլերի արտահայտած մտքերը ներկայացրել են լիովին սխալ և իմաստային առումով ճիշտ հակառակ կերպով:

Թեմային իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, գրելով.

«Մի կողմ թողնենք լրատվամիջոցներում դեսպանի խոսքերի աղավաղումը: Իրականում բովանդակության մեջ ավելի հետաքրքիր բան կա: Հիշեցվում է, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում Հայաստան-ԵՄ հարաբերությունները եղել են չգիտեմ տասնըքանիերորդ հորիզոնականում, ու նոր կառավարությունը այն բարձրացրել է 3-րդ հորիզոնական: Ու Կարեն Կարապետյանը դա արել է մի շրջանում, երբ Հայաստանը և Սերժ Սարգսյանը ավարտում էին բանակցություններն ու պատրաստվում էին ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը հանուն արդարության, Սերժ Սարգսյանի համար նաև պատվի հարց էր 2013թ. Ասոցացման համաձայնագրի տապալումից հետո:

Մենք, վերլուծաբաններս ուշադրություն չենք դարձրել այս նուրբ հանգամանքի վրա, որովհետև սա լավագույնս ցուցանում էր Սերժ Սարգսյանի թիկունքին մոտեցված դաշույնը: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից ընդունում է “ավելին ավելիի” դիմաց բանաձևը, պատրաստ է անել /միգուցե հռչակագրային մակարդակում/ ավելին, ավելին ստանալու համար, մինչդեռ նրա վարչապետը իր ծրագրով հայտարարում է, թե մենք ձեր կարիքը հեչ էլ չունենք, որովհետև այն մեր արտաքին հարաբերությունների առաջնահերթություններում տասնըքանիերորդն է:

Բայց բնակաբանար, ԵՄ-ից ու Արևմուտքից շարունակում են փող ուզել: Կարծում եմ, Սերժ Սարգսյանը 2017-ի նոյեմբերին զգաց իր թիկունքում պահված այդ դաշույնի շեղբը, երբ Գազպրոմին պատկանող НТВ-ի եթերով հեռարձակվեց Նե վեռնայա ժենա թոք շոուն, իսկ Հայաստանում սկսեցին կասկածել, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության դեմ այդ քարոզչահաղորդման պատվիրատուները ոչ միայն ռուսական էլիտայի, այլ Հայաստանի էլիտայի ներսում են: Դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի թիմում դա կարող էին անել, ասենք, ԵՄ-Հայաստան հարաբերություներով չշահագրգռված Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը կամ Միհրան Հակոբյանը…

Ու որքան էլ Կարեն Կարապետյանի նշանակման հարցով որոշումը 2016թ. ամռանը կայացվել էր Մոսկվայում, երբ Պուտինը Սերժ Սարգսյանին կանչեց քննարկելու Հայաստանում Սասնա ծռերից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Սերժ Սարգսյանը հավանաբար խորունկ մտածում էր, թե արմատներով Արցախից Կարեն Կարապետյանն ավելի շատ կխաղա ու կգործի իր դաշտում: Ու թերևս հենց նոյեմբերից էլ որոշեց, որ իշխանությունը Կարեն Կարապետյանին չի թողնելու: Նաև արժե հիշել վարչապետ առաջադրվելուց առաջ նրա այն հարցազրույցը, թե ինքը հավերժ չէ այդ պաշտոնում, և պատրաստելու է երիտասարդ առաջնորդի, ում կփոխանցի իշխանությունը: Կարեն Կարապետյանը, որքան էլ այդ պահին նրա առաջին տեղակալն էր լինելու, հաստատ երիտասարդ առաջնորդի պարամետրերին չէր բռնում: Ակնհյատ էր, որ նա նույնիսկ այդ իրավիճակում շանս չունի Սերժ Սարգսյանից ստանալու իշխանությունը:

Դա կլիներ Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանը, թե ով, բայց ոչ ինքը…. Ու վերադառնալով դեսպանի այս բավական ուշագրավ տեղեկեկությանը, պարզ է դառնում, թե ինչու Կարեն Կարապետյանը այդպես էլ Եվրոպական երկիր այցելելու հրավեր չստացավ ու նրա տուռնեները սահմանափակվեցին բացառապես ԱՊՀ, ԵՏՄ շրջանակներով: Ամեն ինչ իր տեղն է ընկնում, ու թերևս թավշյա հեղափոխության բացատրության մեջ հիմնավորում ստանում նաև ներիշխանական ճեղքվածքի ու անտեսանելի դավադրության գործոնը, որի մասին Նիկոլ Փաշինյանը գիտեր ու լավագույնս օգտագործեց:

Այնպես որ, սիրելիներս, փորձագետներին մի գզեք, թե մեծիմասամբ չեն կարողացել կանխատեսել: Գործոններից շատերը վերին աստիճանի դժվար նկատելի են եղել ու անտեսանելի: Հեղափոխությունները միայն փողոցում բազմամամրդ ու ազդեցիկ ակցիաներով չէ, որ լինում են, դա բավական բարդ ու շատ գործոնների համախումբ է: Ու վստահաբար կպնդեմ, որ այս գործոնը առանցքային ու կարևոր նշանակություն է ունեցել թավշյա հեղափոխության մեջ:

Ու նաև բացատրում է, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է արագ հանձնվեր՝ զգալով իր դեմ հյուսված դավադրությունը և հայտարարեր՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ, կամ ինչպես ես էի այն օրերին գրում՝ Նիկոլը ճիշտՆ է…»: