Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին նույնպես այս ամառ զորակոչվելու է ծառայության: Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում խուսափել է հստակ պատասխանել՝ որդին հատուկ դիմում կգրի՞ Արցախում ծառայելու համար, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, որը հուլիսին է զորակոչվելու ծառայության, դիմում է գրելու, որ Արցախում ծառայի։
Դավիթ Տոնոյանն ասաց՝ որդին կմասնակցի վիճակահանության։ «Իսկ դուք հնարավորության կունենաք հետագայում իմանալու, թե որտեղ կծառայի։ Ծառայությունից չի խուսափի հաստատ»,- վստահեցրեց նախարարը։
Հարցին՝ այս ընթացքում միջնորդություններ չե՞ն եղել, որ այլ պաշտոնյաների որդիներ արտոնյալ պայմաններում ծառայեն կամ ազատվեն զինծառայությունից, նախարարը վստահեցրեց՝ միջնորդություն չի ստացել. «Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտի մասով, ասեմ, որ բոլորի զավակները ծառայում են համապատասխան վայրերում»։
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե վարչապետի որդու ծառայելը կամ առաջնագծում գտնվելը ռիսկային է եւ կարող է խոցելի լինել պետության համար, Դավիթ Տոնոյանն ասաց. «Որպես պաշտպանության նախարար՝ վարչապետի զավակին ես վերաբերում եմ սովորական զինակոչիկի: Իսկ ինչո՞վ են տարբերվում վարչապետի, նախարարի որդիները այլ զավակներից, կա՞ տարբերություն։ Ինձ համար չկա, կարծում եմ՝ վարչապետի համար էլ չկա։ Նրանք խոցելի են այնքան, որքան մյուս զինվորները»։