Հրանտ Մելիք-Շահնազարյանի հրապարակումը.
Հայկական մամուլի վերջին շրջանի վերնագրերն եմ նայում։ Տպավորություններս հակասական են։ Մի կողմից պարզ երևում է, որ իրադարձություններն աննկարագրելի արագ են զարգանում։ Մյուս կողմից, եթե այդ ամենին փորձում ես պատմաբանի աչքերով նայել, տեսնում ես, որ իրականում նորությունը մեկն է՝ Հայաստանում սերնդափոխություն է տեղի ունենում։ Ոչ թե հեղափոխություն, այլ ընդամենը սերնդափոխություն։ Ավագ սերունդը պարզապես հեռանում է՝ մեկը հրաժարական է տալիս, մյուսը ձերբակալվում, երրորդը մահանում, չորրդը կողքից նայում, բայց ընդհանուր առմամբ՝ այո, հեռանում։
Հեշտ չի հեռանում։ Սա փաստ է։ Ու թերևս հենց այդ փաստով է պայմանավորված ներքաղաքական զարգացումների բուռն ընթացքը, բայց դա կարելի է հասկանալ։ Ի վերջո, մարդիկ պատերազմ են հաղթել, պետություն ստեղծել, իշխանություն ունեցել ու… երևի նաև մտածել, որ հիմա արդեն ամեն ինչ ճիշտ է ու այդպես էլ պետք է շարունակվի։ Չգիտեմ։
Շատերը կարող են հակադարձել, ասելով, թե ոչ թե հեռանում, այլ հեռացվում է։ Դեմ չեմ, կարելի է նաև այսպես ասել՝ չնայած համոզմունք այն է, որ հեռացվում է՝ այդ թվում նաև իր ներսում առաջածաց հակասությունների պատճառով։ Բայց դա չէ էականը։ Էականը վերջնարդյունքն է լինելու, որին դեռ կսպասենք մի քանի տարի։ Սա ընդամենը պրոցեսի սկիզբն է։
Իսկ պրոցեսի ընթացքում կարևորն արդեն գործիչները չեն լինի։ Ի նկատի ունեմ ավագ սերնդի գործիչներին՝ Սերժ Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին, Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին և այլն։ Կարևորն այն տրամաբանությունը կլինի, որով կձևավորվի Հայաստանի հաջորդ իշխանությունը։ Ահա թե որտեղ կարող է հեղափոխություն տեղի ունենալ։ Թե որ ժողովուրդն իսկապես նախընտրի Բլեյանի կրթած սերունդը, որը հիմա փաստացի իշխանության է, ապա կլինի իրական հեղափոխություն և մենք կապրենք իրապես նոր Հայաստանում։ Իսկ եթե սա ընդամենը փորձարկում է, դե որ համեմատելու բան լինի, ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է։ Համոզված եմ՝ ժողովուրդն իր ընտրությունը դեռ չի կատարել։
Ինչ մնում է ավագ սերնդին՝ ապա նրա տեղը պատմության մեջ երաշխավորված է։ Որքան էլ այսօրվա պլեբեյը լոզունգներ գոռա, սրբացնի կամ խաչի նրանց։