Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը միասնական կողմ կքվեարկի պատգմավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մեր քվեարկությունը լինելու է միասնական: Զինվորի հացը գողացողի հարցում այլ դիրքորոշում չի կարող լինել»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ են քվեարկելու:
Նա նաև շեշտեց, որ պետք է ստանան բոլոր հարցերի պատասխանները՝ ինչպե՞ս եղավ առաջնագիծ դպրոցական երեխաների ուղարկածը հայտնվեց «մարադյոր» Մանվել Գրիգորյանի առանձնատանը. «Մենք պետք է պահանջենք, որ այս կեղտոտ զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց արժանի պատիժը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն պատասխանատու չէ՞ այս ամենի համար, նա ասաց. «ՀՀԿ-ն երեկ ճիշտ դիրքորոշում որդեգրեց, և ես կարծում եմ, որ, անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, մի հարցում մենք ունենք համազգային կոնսենսուս՝ դա զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան, այստեղ մենք ունենք քաղաքական կոնսենսուս»:
Բացի այդ, Զոհրաբյանը նշեց, որ որևէ մեկը, ով կփորձի այսօր ԱԺ ամբիոնից արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել, հավասարապես կրելու է այս մարադյորության պատասխանատվությունը:
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը նիստին չի մասնակցելու: «Պարոն Ծառուկյանը այսօր պետք է գար, որովհետև տեղյակ չէր, որ քննարկվելու է այս հարցը, բայց հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի և Ծառուկյանի ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվել նաև հանրության կողմից, Գագիկ Ծառուկյանը՝ որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի, բայց այն, ինչ մենք ասում ենք, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է»,- եզրափակեց պատգամավորը: