Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին
Advertisement 1000 x 90

Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ իշխանությունները հայերին դիտարկում են ոչ թե որպես հավասար քաղաքացիների, այլ գերիների, այդ պատճառով էլ շարունակում են միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորն ասել է bianet.org-ին տված հարցազրույցում:

«Ես երկար տարիներ պայքարել եմ հայկական համայնքի ավելի լավ կառավարման համար: Ու ամեն անգամ պետության ձեռքը փորձել է միջամտել մեր համայնքի ղեկավարմանը: Դժբախտաբար, այս պահին պատրիարքարանը գրաված վերակացուն (խմբ.- խոսքն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մասին է) համագործակցում է պետության հետ: Ես հստակ կարող եմ հայտարարել, որ նա դրածո է և համագործակցում է պետության ներսում գտնվող կառույցների հետ պատրիարքական ընտրություններ թույլ չտալու համար»,- ասել է Փայլանը:

Պատգամավորի համոզմամբ՝ իրադրությունը կփոխվի միայն, եթե Թուրքիայի ներքին քաղաքականության մթնոլորտում լինեն փոփոխություններ: «Եթե Անկարայում ժողովրդավարական կարգեր լինեն, այդ քամին անպայման դրական կազդի նաև հայկական համայնքի վրա: Հայկական համայնքն ի վերջո կկարողանա պատրիարքի ընտրություն կազմակերպել, ինչը նրա իրավունքն է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ համայնքի միակ ցանկությունը պատրիարք ընտրելն է:

Փայլանը հայտնել է, որ պատրիարքի ընտրության հարցի վերաբերյալ խոսել է նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ հայկական համայնքը, որի գլխին վերակացու է նշանակված, Թուրքիայի ամոթն է, չի կարելի դա թույլ տալ»,- ասել է պատգամավորը: