ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի շարք մթերքների ու իրերի կողքին տեղ էին գտել նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ: Հաջորդող օրերին համացանցում լուսանկար հայտնվեց, որտեղ երգիչ Արամ Ասատրյանը նկարվել էր իր սպիտակ ավտոմեքենայի կողքին: Ըստ մեկնաբանությունների՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում հայտնաբերված ավտոմեքենաներից մեկը հենց երգչին պատկանող փոխադրամիջոցն է, որը ժամանակին յուրացրել է կասկածյալի աթոռին հայտնված գեներալը:
Արամ Ասատրյանի փեսան՝ ԱՄՆ-ում ճանաչված հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանն, Aysor.am-ի հետ զրույցում հերքեց տարածված խոսակցությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Այն, թե իբր նրանից մեքենան պարտադրաբար վերցրել են և այլն, զուտ ասեկոսեներ են, նման բան իրականում տեղի չի ունեցել: Արամ Ասատրյանը, երբ ԱՄՆ էր տեղափոխվում, իր մեքենան վաճառել է, Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկն էլ այն նորմալ գումարով գնել է: Արամն ու Մանվելը, ավտոմեքենայով պայմանավորված, հակասություն երբեք չեն ունեցել, դա հաստատ է: Ինչ վերաբերում է տեսանյութում տեղ գտած մեքենային, որքան ինքս եմ ուշադիր եղել, Արամի ավտոմեքենան չի, ուղղակի մարդիկ սպիտակ գույնին են խաբվել ու ասոցացրել: Մի ժամանակ էլ ասում էին, թե տունն են ձեռքից խլել, բայց քանի որ հիմա Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի հետ այդտեղ է բնակվում, այս խոսակցությունները մարեցին», – մանրամասնեց հաղորդավարը:
Մինչ այսօր ժողովուրդը շարունակում է խոսել այն մասին, որ էջմիածնեցի երգիչը ժամանակին Մանվել Գրիգորյանի պատճառով էր լքել հայրենիքն ու ընտանիքի հետ հաստատվել Միացյալ Նահանգներում: Ոմանք նույնիսկ երգչի մահն են կապում գեներալի անվան հետ, սակայն, ըստ մեր զրուցակցի, ինչպես շատ հարցերում, Արամ Ասատրյան-Մանվել Գրիգորյան հարաբերությունները ևս ժողովուրդը ուռճացված է ներկայացնում: Իրականում, երկու համաքաղաքացիների միջև որևէ ընդգծված կոնֆլիկտ, առավել ևս, թշնամություն չի եղել:
«Նույնիսկ ավելին ասեմ, Մանվել Գրիգորյանն իրականում տխրել էր, երբ Արամ Ասատրյանը Հայաստանից եկավ ԱՄՆ: Այն, որ Արամ Ասատրյանը երկրից հիասթափություններով է հեռացել, իրականություն է, բայց միայն այդքանը… Նա այստեղից հրավեր է ունեցել, եկել է՝ տեսնելով, որ ժողովուրդն իրեն այստեղ ընդունում է, կամաց-կամաց ընտանիքով հավաքվել է այստեղ: 90 ականները մտաբերելով՝ պատկերը հստակ է դառնում, շատ էին գնացողները: Բայց մեկ է, տարիներ անց ինքը վերադարձավ Հայաստան, դա էր իր տունը: Ինքն ու Մանվելն իրականում ջերմ հարաբերություններ ունեին, փոխադարձ հարգանքով էին վերաբերվում, բայց արանքի մարդիկ շատ «մուտիտներ» են արել, խոսք տարել ու բերել՝ փորձելով միմյանց դեմ լարել: Մեկ ստացվել է, մեկ՝ չէ: Հիշում եմ, երբ Արամը ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին անգամ Հայաստան եկավ, դա գեներալի հրավերով էր՝ վերջինիս աղջկա հարսանիքին: Ինքս էլ ներկա եմ եղել: Չեք պատկերացնի՝ ինչ ընդունելություն էին կազմակերպել, ինչ պատվի ու հարգանքի արժանացրին: Ես ականատես չեղա, որ այդ մարդուն հալածեն, ճնշեն կամ գոնե մի քիչ կոպիտ խոսեն նրա հետ: Արամն այն մարդն էր, ով, նախ ինքը թույլ չէր տա, որ իր հետ կոպիտ խոսեին, և հետո՝ մեծ հարգանք ու համբավ էր վայելում…
Անդրադառնալով մահվան հանգամանքին՝ Արամ Ասատրյանն իր երիտասարդ տղային կորցնելուց հետո առողջական լուրջ խնդիրներ ունեցավ. սրտի պրոբլեմ ուներ, շաքար, բայց իր առողջությամբ զբաղվելու ժամանակ երբեք չէր ունենում, քանի որ անընդհատ շրջագայությունների, համերգների մեջ էր: Ընտանիքի անդամներով մշտապես իրեն հորդորում էինք դադար տալ գործունեությանն ու առողջությանն ուշադրություն դարձնել, բայց… Հասկանում եմ, որ մարդիկ Արամին սիրում են, բայց սխալ բաներ են խոսում, տենց բան չկա: Ինքս եմ տեսել, թե Մանվել Գրիգորյանն ինչպես էր լացում Արամ Ասատրյանի հուղարկավորության օրը: Բայց դե, Մանվելի ահ ու սարսափից Էջմիածին քաղաքում հեքիաթներ հորինվեցին՝ իբր Արամին երկրից լարեց, գլուխը կերավ և այլն», – պատմեց նա:
Ամբողջությամբ՝ aysor.am