ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 27-ին մեկնարկելու է Սմիթսոնյան հաստատության կողմից անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Երկու շաբաթ տևող փառատոնի ընթացքում թևածելու է հայկական շունչը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա է լինելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հունիսի 26-ին կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ազգագրագետ, «Ֆոլքլայֆ» փառատոնին Հայաստանի մասնակցության գործընթացը համակարգող Լևոն Աբրահամյանը նշեց, որ նախագահի մասնակցությամբ ընդգծվում է փառատոնին Հայաստանի մասնակցության կարևորությունը:
Սմիթսոնյան հաստատությունը 50 տարի կազմակերպում է այս փառատոնը: Այս տարի արդեն 51-րդն է, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Կատալոնիան: Կատալոնիայից նույնպես մասնակցելու է բարձրագույն ղեկավարությունը:
««Ֆոլքլայֆ»-ը սովորական ցուցահանդեսային փառատոն չէ, այն կենդանի ձևով ներկայացնում է տվյալ երկրի կենցաղավարման կյանքը, արհեստը, խոհանոցը և այլն: Ամեն տարի լինում է տարբեր ուղղվածություն ու թեմատիկա: Այս տարի գլխավոր հերոսը վարպետն է, ում միջոցով ցույց է տրվելու այսօրվա արհեստը, ավանդույթները, խոհանոցը՝ կապը պահելով անցյալի հետ: Գաղափարն այն է, թե ինչպես են այդ արհեստները պահպանվել ու փոխանցվել սերունդներին»,-ասաց Լևոն Աբրահամյանը:
Փառատոնի ծրագիրը հստակ է, այն հագեցած է բազմաթիվ բաղադրիչներով ու միջոցառումներով: Ծրագրի հիմքում հետևյալ միտքն է ՝ բնությունից դեպի տուն: Փառատոնի շրջանակում ներկայացվելու է խաչքարագործությունը, կավագործությունը, փայտագործությունը, գորգագործությունը: Եվ այդ ամենը պարզապես չի ներկայացվելու: Խաչքարագործն ամբողջ ընթացքում ցույց է տալու իր աշխատանքը, հենց տեղում վարպետն ավարտելու է խաչքարը: Լևոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ նախատեսել են խաչքարի օծման արարողություն:
Ամբողջությամբ՝ armenpress.am