Բաբկեն Թունյանի հրապարակումը.
Հիշու՞մ եք, որ Հայաստանի վաճառակետերում ադրբեջանական խնձոր էր հայտնվել։ Հիշում եք չէ՞, թե ազգովի ոնց էինք խառնվել իրար, ուզում էինք հասկանալ, թե էդ խնձորները՝ համապատասխան գրառմամբ արկղերում, ոնց էին հատել սահմանը։
Ոնցը հասկացանք. փող աշխատել ցանկացող մեր որոշ հայրենակիցներն էին դրանք մտցրել Հայաստան՝ մաքսայինում տիրող, մեղմ ասած, բարդակի շնորհիվ։
Բայց ամենակարևոր հարցը «ո՞նց»-ը չէր, այլ «ինչո՞ւ»-ն։ Ավելի ճիշտ՝ ինչուները։
Ինչո՞ւ էր ադրբեջանական խնձորը ներկրվել Հայաստան։ Պարզ է՝ որովհետև լավ վաճառվում էր, պահանջարկ կար։ Որովհետև ադրբեջանական խնձորը մեր երկրում ավելի մրցունակ էր գին/որակ հարաբերակցությամբ, քան մեր հայկականը։
Ու դրանից էլ բխում էր ամենա ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ էր ավելի մրցունակ։
Այ խնդիրների լուծումը էդտեղ է՝ պատճառների մեջ, թե չէ հետևանքների դեմ պայքարը ցանկալի արդյունք չի տալու։ Ինչքան էլ խստացնեն հսկողությունը, պահանջարկ ունեցող ապրանքը միշտ էլ սպառողին հասնելու ձև կգտնի։
Էսքանը գրեցի, որ մեր էսօրվա խնդիրները ճիշտ պատկերացնենք։
ՊԵԿ-ը կպայքարի ստվերի դեմ, բայց ստվերը չի վերանա, եթե գործարարի համար օրինական դաշտում աշխատելը ձեռնտու չլինի, հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը լավը չլինեն։
Կամ, կոշտ մեթոդներով կարելի է քաղաքականություն մտած բիզնեսմենին «պոկել» քաղաքականությունից, բայց բիզնեսի ու իշխանության լիարժեք տարանջատումը հնարավոր կլինի, երբ գործարարը կարիք չունենա քաղաքական «տանիք» ունենալ։
Գողացած «տուշոնկեք»-ը կարելի է գտնել ու գողին պատժել, բայց երևույթը չի վերանա, նոր «տուշոնկա» տանողներ կհայտնվեն, եթե ամեն գնով ինչ-որ բան «քերելու» մտածողությունը չվերանա ու նման մտածելակերպով մարդիկ հայտնվեն պետական համակարգում։
Ու էսպես կարելի է շարունակել…
Բայց կարճ ասած, ադրբեջանական խնձորի օրինակով, ապօրինի ներկրման դեմ պետք է պայքարել, բայց շատ ավելի կարևոր է մեր «խնձորը մրցունակ դարձնելը»:
Հուսով եմ կարողացա միտքս հասկացնել։