Հրանտ Մելիք-Շահնազարյանի հրապարակումը.
Քիչ առաջ Արմենակ Ուրֆանյանի մայրն է զանգել ինձ՝ տիկին Համեստը։ Երկար և շատ ծանր զրույց ունեցանք։ Վիրավորված էր շատ ինձանից և հասկանում եմ նրան։ Ներողություն խնդրեցի իր վերքին կպնելու համար և այստեղ էլ եմ ուզում ներողություն խնդրել ոչ միայն տիկին Համեստից, այլև բոլոր այն մարդկանցից, ովքեր հնարավոր է նույնպես սխալ են հասկացել ինձ և վիրավորվել։
Բայց, ի պատիվ տիկին Համեստի, պետք է ասեմ, որ հանգամանալիորեն զրուցեցինք և նա հասկացավ ինձ։ Նա կարծում էր, թե փորձում եմ իրեն ինչ-որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշեմ, ինչն ամենևին էլ այդպես չէ։ Ճիշտ հակառակը, ասացի, որ իմ ամբողջ կռիվն այն է, որ նման բան «Ազատությունն» է փորձել անել։ Ասացի, որ դեմ եմ երբ փորձում են երեխաներին, առավել ևս՝ զոհված հերոսներին ներքաշեն՝ առանց այն էլ շատ կեղտոտ և բոլորի համար ակնհայտ տականքություններին (խոսքը Մանվելի գողության մասին է) էմոցիոնալ ֆոն հաղորդելու և դրանով իսկ քաղաքական քարոզչություն անելու գործին։ Ասացի, որ հերոսներն իրենց բարձունքում են և ինքս մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ նրանց ծնողների ինչ-ինչ խոսքեր վերնագիր են դարձնում ու ակտիվ տարածում սոցիալական ցանցերում։
Տիկին Համեստի հետ հաշտվեցինք։ Նրա բողոքը շատ հիմնավոր է, և Աստված տա, որ այլևս երբեք ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները։ Սա իսկապես ցավոտ թեմա է և, հուսով եմ, ինձ ճիշտ կհասկանան նաև մնացած բոլոր մարդիկ։ Անգամ ոչ ադեկվատության ահա այս շրջանում։