Կարելի էր, չէ՞, պատկերացնել արձագանքը, եթե նման բան ասեին այլք, այլ իշխանավորներ. «Իրատես»
Advertisement 1000 x 90

Կարելի էր, չէ՞, պատկերացնել արձագանքը, եթե նման բան ասեին այլք, այլ իշխանավորներ. «Իրատես»

Հեղափոխական ժամանակահատվածին հաջորդել է հետհեղափոխականը։ Պատմությունն ու քաղաքագիտությունն ասում են, որպես օրինաչափություն, հեղափոխություններից հետո հիմնականում հաստատվում է դիկտատուրա։ Օրենքի՞, անձի՞։ Հայաստանում ո՞ր տարբերակն է։ Այս պահին դժվար է այդ հարցերին պատասխանելը։ Բոլոր բաղադրիչներն էլ առկա են։ Թե հետագայում այդ խառնուրդից ինչ կգոյանա, պետք է սպասել։ Բոլոր դեպքերում, քայլ է արվում երկիրը կոռուպցիայից մաքրելու, հին կուռքերը տապալելու, նոր իրավահարաբերություններ հաստատելու։ Գործընթացը ցավոտ է, մասամբ էլ՝ վերջը անտեսանելի։

Հետհեղափոխական այս շրջանում ևս հասարակությունը սթրեսների միջով է անցնում։ Մի կողմից, դա ղեկավարելի է պահում հանրությանը, մյուս կողմից` սկսում է գործել հասարակության դեռ չզարթնած, սակայն քիչ-քիչ դրսևորվող ինքնապաշտպանությունը, որովհետև ինչ-որ մի պահի «հաց ու տեսարաններ» հիբրիդը կարող է և հոգնեցնել հենց միայն այն պատճառով, որ քանդել-ապամոնտաժելու այդ գործողություններին չեն հետևում իրական, բարեփոխումներին միտված, երկրի տնտեսությունը, քաղաքական դաշտն առողջացնող հարակից գործընթացներ։

Չի բացառվում, որ անգամ հակառակը լինի, ամբողջովին «ամորձատվեն» մտային, քաղաքական ազատությունները, այդ թվում և՝ տնտեսական սպասումները։ Հենց միայն հայտարարությունը, թե «որոշ հեռուստաընկերություններ հակասահմանադրական գործունեություն են ծավալում», հնչած երբեմնի ամենաընդդիմադիր լրագրողի, թերթի խմբագրի, պատգամավորի անունից, արդեն իսկ լուրջ՝ խոր ենթագիտակցական ազդակ է՝ ազատ խոսքի արգելակման։ ՈՒ որքան էլ փորձ արվի հաջորդ օրը սրբագրել ասվածը, փաստն առկա է և իր նշանային համակարգով «լույս» է սփռում մյուս բոլոր գործընթացների ու սպասելիքների վրա։

Ընդ որում` սա այն դեպքն է, երբ մի սխալը «լվացվեց» հաջորդ սխալով. մշտապես ազատ խոսքի համար պայքարած, «մունետիկների» համբավ ունեցող մեր գործընկերները (Լևոն Բարսեղյան, Ստեփան Սաֆարյան) սկսեցին անհասկանալիորեն պաշտպանել ազատ խոսքի նկատմամբ «սույն» մոտեցումը (կարելի էր, չէ՞, պատկերացնել այս «կոնկուրենտ ֆիրմայի» արձագանքը, եթե նման բան ասեին այլք, այլ իշխանավորներ)։ Ի դեպ, իրենց ոչ «պետական» գործունեությունում որոշ լրատվամիջոցներ այնքան հեռու գնացին, որ հաջորդիվ հրովարտակեցին` ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, պետք է արգելել, «որովհետև այն ամենը, ինչ բացահայտվում է, արդեն իսկ հիմք է այդ կուսակցությունն օրենքից դուրս դնելու և արգելելու համար»։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում