Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.
Երեկ գրառում էի կատարել, որտեղ անդրադարձել էի երկրի ներսում առկա ցուցադրական, բայց բովանդակային առումով բովանդակազուրկ (առանձին կանդրադառնամ բովանդակազուրկ լինելուն) շոուներին: Բնականաբար գրառմանս խնդրո առարկան այդ շոուներն ու դրա իրականացնողները չէին, այլ դրա արդյունքում անտեսվող, բայց մեր պետության համար գերկարևոր հարցը` Արցախյան հակամարտության շուրջ առկա լարվածությունը: Գրառմանս մեջ մի օրինակ էի գրել, որտեղ Էլիփս ընկերության աշխատակցի փոխանցած տեղեկատվությունը բառացի արտատպել էի, իսկ, թե ինչ տեղի ունեցավ հետո շատ հուզիչ էր:
Անցնենք հերթով`
Նախ Ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որում ասվում էր, թե «Սեքյուռիթի Դրիմ և Էլիփս ընկերությունները 1 միլիարդ դրամի հափշտակություն են արել»: Հետո պարզվեց, որ ԱԱԾ-ի փոխարեն Ոստիկանության դիմակավորված անձինք էին մտել կազմակերպություն, իսկ ամենավերջում A1+ կայքը հրապարակեց Սեքյուրիթի դրիմ ընկերության տնօրենի հերքումն առ այն, որ իրենք ոչինչ էլ չեն յուրացրել:
Ուրեմն, Ոստիկանության հայտարարությունից հետո մի խումբ նախկին ընդդիմադիր, ներկայումս խիստ իշխանական ակտիվիստներ (սրա մասին էլ առանձին կձոնեմ շուտով) մասսայական «ուրախության ճիչեր» արձակող գրառումներ և մեկնաբանություններ սկսեցին անել, թե իբր «Նարեկ Սամսոնյանըըըըըը, այդ հակահեղափոխականը, իշխանությունների ստրուկը, վերլուծողը վերլուծել է, որ ոչինչ չեն հայտնաբերել, գրել է ԱԱԾ-ն, բայց Ոստիկանությունն է եղել, օօօօօօօ ինչպիսի դաժան իրականություն, այդ ստորը խեղաթյուրում է փաստերը»: Փաստերն ու բովանդակային կառուցվածքը խեղաթյուրելու` իրենց բնորոշ անսխալականության զգացումով տոգորված` այլևս թունդ իշխանական ակտիվիստների այս խմբին միայն ամենայն բարիք եմ մաղթում, իսկ նրանց անբովանդակ և 15-17 տարեկան հայ դեռահասներին հատուկ գավառական շուստրիության դրսևորումներին ամենայն հանգստությամբ եմ վերաբերվում:
Հիմա բանը, տղեկներ և աղջիկներ ջան, բա էսօր չիմացաք, որ ադրբեջանական ԶՈՒ-երում ամերիկյան ուղղաթիռներ են հայտնվել, որի շուրջ «աղմուկ» բարձրացնելը մի քանի անգամ ավելի կարևոր և օգտակար է, քան թե «ղզղնԱԱԾ» ստատուսներ գրելն ի պաշտպանություն պաշտելի իշխանությունների: Ձեր ողջ ուժերը ներդրեք այս կարևորագույն խնդրի շուրջ միջազգային հանրությունից պատասխաններ ստանալու գործին: Հարցրեք ձեր շատ սիրելի և կոռուպցիայից կիլոմետրերով «հեռու» Մովսես Հակոբյանի քրոջ որդի ԱԽՔ-ին, թե բա հասկացանք, որ ռուսների Սիրիայում արած հանցագործությունները շատ են դուրդ եկել, բայց այ մեր Մոսու քրոջ որդի, բա էդ ադրբեջանական ԶՈւ-երում հայտնված ամերիկյան ուղղաթիռների մասին ի՞նչ կարծիքի ես: Էս գործն արեք առավել ոգևորությամբ և ակտիվությամբ: Հավատացեք սա ավելի կարևոր նշանակություն ունի, քան իմ գրառումներում տառակերություն ու շոուներին թամաշա անելը:
Հ.Գ. Ի դեպ, երեկ մեր Նոր Հայաստանի իշխանական ակտիվիստները մեկը մյուսին հերթ չտալով ասում էին` «մասկի շոուն պետքական բան ա», բայց ձեռի հետ էլ ինձ մեղադրում էին, որ շոուին ասում եմ շոու: Հա մեկ էլ` Սեքյուռիթի Դրիմի տնօրենը երեկ հերքեց, որ յուրացում են արել ու չնայած նրան, որ խնդրո առարկա գրառման մեջ էդ ընդամենը էմպիրիկ օրինակ էր և ոչ ավելին, այնուամենայնիվ հետաքրքիր ա հորքուրի գանձերն ի՞նչ կարծիքի են դրա մասին: