«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսի հերթական կանգառն Աշտարակում էր
Advertisement 1000 x 90

«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսի հերթական կանգառն Աշտարակում էր

Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ կազմակերպված «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսը շարունակում է շրջագայությունն աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում, ՀՀ մարզերում և Արցախում:

Հերթական կանգառը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքն է: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Շրջիկ ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է Երևանի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Անդրանիկ ցուցադրությունը կայացավ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 100 լուսանկար, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաև ներկայիս Երևանը: Այցելուներին ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում տեսնել հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներն ու թաղամասերը, խորհրդային ժամանակաշրջանի հանրաճանաչ կառույցները, ժամանակակից երևանյան նորակառույցները, մայրաքաղաքի տեսարժան և ուշագրավ վայրերը:

«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսն Աշտարակի մշակույթի տանը հնարավոր կլինի դիտել մինչև հունիսի 29-ը:

«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից:

yerevan2800.am