«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է, դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:
Մասնակցության հազարից ավելի հայտից ընտրվել է 28 ֆիլմ՝ 13 երկրից: Փառատոնն իրականացվում է «Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին» խորագրով:
Փառատոնի ծրագրերի և իրենց մտահոգությունների մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կազմակերպիչներն ու մասնակիցները:
«Փառատոնը կտևի տասը օր: «Ֆրեսկո»-ի շրջանակում միջոցառումներ կիրականացվեն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբար կլինի Տաթևի վանական համալիրի տարածքում և Գորիսում», նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը:
Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն շեշտեց, որ փառատոնը յուրովի նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, քանի որ արտերկրից ժամանած հյուրերը այցելում են Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, ծանոթանում տեղացիներին: Նա անդրադարձավ փառատոնի առջև ծառացած խնդիրիներին ու ընդգծեց, որ իրենք շատ փոքր ֆինանսական հնարավորություններով են կյանքի կոչում փառատոնը, բայց չեն պատրաստվում ընկրկել:
Լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանն ասաց, որ չորրորդ անգամ է ներկա փառատոնին: «Չեմ հոգնի կրկնել, որ սա զարմանալի իրադարձություն է: «Ֆրեսկո»-ն պարզապես ֆիլմերի փառատոն չէ, այն բարության փառատոն է: Ասում են` չարի վարկանիշն ավելի բարձր է, իսկ բարին աշխարհում շատ քիչ է: Կարծում եմ` հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունը բարությունն է այն, ինչ միավորում է բոլորին»,-իր կարծիքը հայտնեց Բրիկմանը:
Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետները: Ֆիլմերին հաջորդող քննարկումներին ներկա են լինում ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլև կինոնկարում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ:
«Ֆրեսկո»-ն ունի 7 անվանակարգ՝ «Լավագույն ուղերձ՝ հավատ», «Լավագույն ուղերձ՝ հույս», «Լավագույն ուղերձ՝ սեր», «Լավագույն ուղերձ՝ խաղաղություն», «Լավագույն ուղերձ՝ քաջություն», «Լավագույն ուղերձ՝ մարդասիրություն», «Լավագույն ուղերձ՝ հայրենասիրություն»:
Կազմակերպիչներն են «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն, «Ֆորմիկա Արտ» ընկերությունը։