ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է 2018 թվականի հունվար-մայիսին ՀՀ երկու օդանավակայններով Հայաստանի ժամանած և Հայաստանից մեկնած մարդկանց վիճակագրությունը։
Այսպես, տարվա առաջին 5 ամիսներին օդանավով Հայաստան է ժամանել 476 211 մարդ (447 500-ը՝ Զվարթնոց օդանավակայանով, 28 711-ը՝ Շիրակ օդանավակայանով)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ժամանողների թիվն աճել է 51 293-ով կամ 12.1%-ով։
Մյուս կողմից, 2018 թվականի հունվար-մայիսին օդանավով Հայաստանից մեկնել է 479 265 մարդ (448 626-ը՝ Զվարթնոց օդանավակայանով, 12 916-ը՝ Շիրակ օդանավակայանով)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ժամանողների թիվն աճել 29 172-ով կամ 6.5%-ով։
Ժամանողների թվի առանցիկ աճի արդյունքում՝ ժամանողների և մեկնողների բացասական հաշվեկշիռը կրճատվել է և հունվար-մայիսին կազմել ընդամենը 3 054։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի հունվար-մայիսին մեկնողների թիվը ավելի քան 25 հազարով գերազանցում էր ժամանողներին։ Իսկ նախորդ տարիներին ճեղքվածքն ավելի մեծ էր (տես ստորև բերված գծապատկերը)։
Դինամիկան պահպանվելու դեպքում՝ ժամանողների թիվը շատ արագ հավասարվելու է մեկնողների թվին և գերազանցի։
Քաղավիացիայի վարչությունը առանձին ամիսների վիճակագրությունը չի հրապարակում, սակայն դա հաշվելը դժվար չէ։ Համադրելով հունվար-մայիս և հունվար-ապրիլ ժամանակահատվածները՝ մենք հաշվել ենք կոնկրետ մայիս ամսվա օդային ուղևորափոխադրումների տվյալները (2012-2018 ժամանակահատվածի համար)։
Արդյունքը՝ 2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։ Այսինքն՝ վերջին տարիների մեջ առաջին անգամ մայիս ամսին օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը գերազանցել է մեկնողների թվին (դրական հաշվեկշիռ՝ 3 165 մարդ)։
Ամբողջությամբ՝ b4b.am