Պլասիդո Դոմինգոն Մադրիդի ծնունդ էր, իսկ Խոսե Կարերասը Կատալոնիայից էր։ Որոշ քաղաքական պատճառներով 1984թ. նրանք թշնամիներ դարձան։ Նրանց երկուսի պայմանագրերում էլ նշված էր, որ աշխարհի որ երկրում էլ որ նրանց համերգները կայանան, նրանցից յուրաքանչյուրը ելույթ կունենա միայն այն դեպքում, եթե մյուսը հրավիրված չլինի այդ համերգին։
Սակայն 1987թ. Կարերասի առջև հայտնվեց շատ ավելի լուրջ հակառակորդ, քան Պլասիդո Դոմինգոն էր. Կարերասի մոտ ախտորոշվեց արյան քաղցկեղ։ Այդուհետ հիվանդության դեմ նրա պայքարը տանջալից ու շարունակական էր։ Նա բուժման մի քանի կուրսեր անցավ, որոնցից էին ողնուղեղի փոխպատվաստումն ու արյան փոխներարկումը, ինչի համար նա ստիպված էր ամիսը մեկ անգամ թռչել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Հարկ չկա ասել, որ այդ վիճակում նա ի վիճակի չէր աշխատել։ Անգամ, եթե նա բավականաչափ կապիտալ էլ ուներ, այնուամենայնիվ, թռիչքների ու բուժման վրա ծախսվող հսկայական գումարներն արագ խաթարեցին նրա ֆինանսական դրությունը։
Երբ նրա գումարները գրեթե ավարտվել էին, նա իմացավ Մադրիդում գործող մի հիմնադրամի մասին, որի գործունեությունն ուղղված էր լեյկոզով տառապող անձանց աջակցություն ցուցաբերելուն։
Շնորհիվ «Հերմոզա» հիմնադրամի օգնության՝ Կարերասը հաղթեց չարաբաստիկ հիվանդությանը, և նրա երգերը, առանց որոնց նա իր կյանքը չէր պատկերացնում, կրկին հնչեցին։ Նա նաև նորից սկսեց բարձր հոնորարներ ստանալ, որոնց, անկասկած, արժանի էր։
Խոսե Կարերասը փորձեց մասնակցել ֆոնդի աշխատանքներին, սակայն կարդալով կանոնադրությունը՝ հայտնաբերեց, որ «Հերմոզայի» հիմնադիրը, գլխավոր հովանավորն ու նախագահը հանդիսանում էր Պլասիդո Դոմինգոն։ Խոսե Կարերասն իմացավ նաև, որ այդ հիմադրամն ի սկզբանե ստեղծվել էր հատուկ հիվանդ երգչին աջակցելու համար։ Պլասիդո Դոմինգոն ցանկացել էր այդ մասին չհայտարարել, քանի որ նա չէր ուզում վիրավորել Կարերասի զգացմունքները, ով երբեք իր թշնամուն օգնության խնդրանքով չէր դիմի։
Պլասիդո Դոմինգոյի համար բացարձակապես զարմանալի ու չափազանց հուզիչ հանդիպումը կայացավ համերգներից մեկի ժամանակ, Մադրիդում։
Խոսե Կարերասն ընդհատեց ելույթը ու հնազանդորեն ծնկի իջնելով Դոմինգոյի ոտքերի առջև՝ ողջ հանդիսատեսի առջև ներողություն խնդրեց իր նախկին թշնամուց ու շնորհակալություն հայտնեց նրան։
Պլասիդոն բարձրացրեց նրան ու ամուր գրկեց։ Դա եղավ 2 մեծ տենորների հիանալի ընկերության սկիզբը։
Երբ լրագրողը Պլասիդո Դոմինգոյին հարցրեց, թե ինչու նա ստեղծեց «Հերմոզա» հիմնադրամը ու երկարացրեց միակ կատարողի կյանքը, որ կարող էր նրա հետ մրցակցել, Դոմինգոյի պատասխանը կարճ ու կտրուկ եղավ.
- Քանի որ այդպիսի ձայնը մենք չենք կարող կորցնել։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը