Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում նոր վարչապետին աջակցելու նպատակով կազմակերպված հանրահավաքի ժամանակ որոտացել է պայթյուն: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, վարչապետ Աբի Ահմեդը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, որոշներն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Կառավարության գրասենյակից տեղեկացնում են, որ հանրահավաքի ժամանակ նռնակ է պայթել: Վարչապետի գրասենյակի ղեկավարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Աբի Ահմեդն անվտանգ է, նա իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Եթովպիայի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանատուները կկանգնեն դատարանի առաջ:
«Al Jazeera»-ն տեղեկացնում է, որ տուժածների թիվն անցնում է 80-ից:
Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թամար Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում ունեցած տեղեկատվության համաձայն տուժածների թվում հայեր չկան: Նա տեղեկացրեց, որ սովորաբար հայ համայնքն ակտիվ չէ քաղաքական գործընթացներում: