Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին`Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետևից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Օրինակ` Խլղաթյանի առաջին խորհրդական Անահիտ Ումրշատյանը, ով միաժամանակ քաղաքի արվեստի դպրոցներից մեկի տնօրենն է, ճամպրուկային վիճակում է: Անգամ նրա` աշխատանքից ազատման դիմումն է պատրաստ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչև երկուշաբթի Խլղաթյանի թիմը` տեղակալները, օգնականները, բաժինների պետերը ևս ճամպրուկները կհավաքեն: Նշենք, որ Արմավիրի քաղաքապետարանում տարբեր տեսակի լուրջ չարաշահումներ են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո աշխատասենյակից հավաքել, տարել է բոլոր իրերը, անգամ պատի ժամացույցը: Սակայն ճանապարհի կեսից վերադարձել է և վերցրել Աստվածաշունչը, որ մոռացել էր սենյակում: