ԱՄՆ-ի ձայնագրության արվեստի ու տեխնիկայի ազգային ակադեմիան որոշել Է Grammy մրցանակի անվանակարգորդների թիվը հիմնական կատեգորիաներում հինգից ավելացնել մինչև ութ: Այդ մասին հունիսի 26-ին հայտնել Է Billboard հանդեսը:
Նրա տվյալներով՝ նորամուծությունը կվերաբերի հանգուցային անվանակարգերին, որոնք կազմում են այսպես կոչված «մեծ քառյակը»՝ «Տարվա ձայնագրությյուն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ» և «Լավագույն նոր կատարում»: Ինչպես նշում Է Billboard-ը, խոսքը վերաբերում Է գրեթե 60 տարի առաջ մրցանակի հիմնադրման պահից ի վեր դրա շնորհման կարգում առավել նշանակալի փոփոխություններից մեկին: Մինչ այդ, հիմնական կատեգորիաներում անվանակարգորդների թիվը միշտ սահմանափակվում Էր հինգով: Նոր կանոններն ուժի մեջ են մտնում անհապաղ, և արդեն հաջորդ՝ թվով 61-րդ արարողությանը, «մեծ քառյակի» կատեգորիաներից յուրաքանչյուրում կլինեն հաղթանակի ութական հավակնորդներ:
«Դա ավելի մեծ հնարավորություն կտա այդ կարևոր կատեգորիաների շրջանակներում լայն ճանաչման համար և ավելի մեծ ճկունություն կընձեռի մեր քվեարկող անդամներին, երբ նրանց հարկ կլինի հաճախ դժվարին որոշումներ ընդունել տարվա ընթացքում երաժշտական ինդուստրիայի լավագույններից լավագույններին պարգևատրելու վերաբերյալ»,-նշվում Է Ակադեմիայի նախագահ Նիլ Փորթնոուի՝ հանդեսին տրամադրված հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ձայնագրության արվեստի ու տեխնիկայի ազգային ակադեմիան հիմնադրվել Է 1957 թվականին, իսկ Grammy-ի հանձնման առաջին արարողությունը կայացել Է 1959 թվականի մայիսի 4-ին: Արձանիկների առաջին տերերի թվում Էին Էլլա Ֆիցջերալդը և Ֆրենք Սինատրան: Grammy-ի հանձնման 61-րդ արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) 2019 թվականի փետրվարին: Անվանակարգորդները կհայտարարվեն 2018 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: