Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Կյանքիս մեկ երրորդը ապրել եմ Գերմանիայում ու ոչ մի օր չեմ դադարել հիանալ այդ ժողովրդով և պետությամբ։ Կազմակերպվածության և հանդուրժողականության առումով գերմանացիները երևի լավագույններից են աշխարհում։ Սա մի երկիր է, որի բոլոր մեծ քաղաքները 1945թ.-ի դրությամբ հավասարվել էին հողին, իսկ ժողովուրդը՝ ամոթի, ավերածության ու փլատակների մեջ էր (առ այսօր գերմանական քաղաքներում ու գյուղերում պարբերաբար գտնում են 2-րդ համաշխարհայինից մնացած չպայթած ռումբեր)։
Ու այդ երկիրը ընդամենը մի քանի տասնամյակում բառացիորեն վերածնվեց մոխրի միջից։ Այսօր ընդամենը 82 միլիոնանոց Գերմանիան գրեթե բոլոր բնագավառներում աշխարհի առաջատարներից է` մեքենաշինությունից մինչև այլընտրաքային էներգիա, ժողովրդավարությունից մինչև սպորտ, բնապահպանությունից մինչև մարդու իրավունքներ։ Եվ այդքանով հանդերձ` «խոնարհություն»` պետական մակարդակով (Եթե կարելի է այդպես արտահայտվել)։
Լսում եմ Իոախիմ Լյովի հետխաղյա մամլո ասուլիսը. շնորհավորում է իր խմբի հաղթողներին, հանգիստ և զուսպ հայտնում է իր հիասթափությունը, հիացմունք է հայտնում կորեացիների թիմի նկատմամբ։ Խոսում է իրենց անցած ճանապարհի մասին։ Ասում, որ Գերմանիան վերջին 10-12 տարվա ամենակայուն թիմն է եղել։ Բայց պարտության ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Իսկ վերջում Լյովի օգնականը (կամ միգուցե թիմի մենեջերը), շնորհակալություն է հայտնում ռուսներին` հյուրընկալության և հիանալի կազմակերպման համար, ավելացնելով, որ իրենք իրենց հիանալի են զգացել Ռուսաստանում։
Ռեսպե՛կտ։