Ֆուտբոլն ընդհանրապես գեղեցիկ է անակնկալներով, սակայն այս առաջնությունում դրանք այնքան շատ են, որ ակամայից ուրախանում ենք, երբ գրանցվում են կանխատեսելի հաշիվներ: Ի վերջո, ֆուտբոլը կորցնում է գրավչությունն` առանց առաջին մեծության աստղերի ու ավանդույթներ և պատմություն ունեցող հավաքականների:
1/8 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականին բաժին էր հասել արժանի մրցակից. Մեքսիկայի ընտրանին ցուցադրում է գեղեցիկ և նպատակային ֆուտբոլ: Սակայն ֆուտբոլային օրինաչափությունը գործեց նաև այս խաղում. աշխարհի առաջնության չորս խաղերում Մեքսիկայի հավաքականը դեռ ոչ մի անգամ չի գրավել բրազիլացիների դարպասը. օրինաչափությունը չխախտվեց նաև այսօր:
Փոխարենը` Բրազիլիայի հավաքականի բազմաթիվ գրոհներից երկուսը պսակվեցին հաջողությամբ: 51-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը բացեց խաղի հաշիվը, իսկ 88-րդ րոպեին, նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ մեկ այլ հարձակվող` Ռոբերտո Ֆիրմինոն:
Շատ ավելի դրամատիկ ընթացք ունեցավ Բելգիա-Ճապոնիա հանդիպումը` չնայած բելգիացիները համարվում էին ակնհայտ ֆավորիտ: Համենայն դեպս, խաղի 52-րդ րոպեին Ճապոնիայի հավաքականը երկու գնդակի առավելություն ուներ` կիսապաշտպաններ Խարագուչիի և Ինուի խփած գնդակներ շնորհիվ: Երկրորդ խաղակեսի երկրորդ մասում բելգիական հարձակումն աշխատեց ամբողջ թափով: Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի մարտավարությունը փայլուն գործեց: Փոխարինման դուրս եկած Ֆելայնին և Շադլին դարձան գոլերի հեղինակներ:
Բելգիացիների կազմում գոլի հեղինակ դարձավ նաև պաշտպան
Յան Վերտոնգենը: Բելգիայի հավաքականը տպավորիչ և կամային հաղթանակ տարավ:
Քառորդ եզրափակչի Բրազիլիա-Բելգիա զույգը ուժեղագույններից մեկն է. հանդիպում են չեմպիոնության երկու ֆավորիտներ: Բրազիլիայի հավաքականը մշտապես հավակնում է աշխարհի գավաթին, իսկ Բելգիայի հավաքականն այս առաջնության երկու թիմերից մեկն է, որը հաղթանակով է ավարտել անցկացրած բոլոր չորս խաղերը: